Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արավ, տեսավ, որ դատարկ էր։ Գուցե հարյուր անգամ նա այսօր բաց էր արել այդ դժբախտ տուփը և ամեն անգամ տեսել էր, որ դատարկ է, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, և կարծում էր, թե գուցե մի հրաշքով լցված կլինի։

— Անիծվի Սիմոն վարժապետը, դու խո ճանաչում ես նրան, քսան կոպեկ տվեցի, թանիքայե ղութիս էլ տվեցի, որ տանե քաղաքից բուռնոթի առնե, տարավ, համ փողը կերավ, համ ղութին։ Դու բուռնոթի չունե՞ս, Վարդան։

— Ես չեմ գործ ածում, պապի։

Պապիի բախտին փոքր ինչ հեռու ընկած էր մի կիսաքաշ պապիրոս։ Նա տեսավ, և վեր կենալով, մոտեցավ, վերառեց պապիրոսի կտորը, և թղթե փաթոթը պատառելով, մի կողմը գցեց, այնուհետև սևացած ծխախոտը փշրեց ափի մեջ, դողդոջուն մատներով մանրեց և կծու փոշին քաշեց պնչածակերի մեջ։

— Մի՞թե այդպես են պահում քեզ, պապի, որ բուռնոթու փող էլ չեն տալիս։

Է՜հ, որդի, աշխարհս փոխվել է, ո՞ւր են Ներսես վեհափառի ժամանակները: Այն ժամանակ սեր կար, միաբանություն կար, այն ժամանակ մեծ կար, փոքր կար: Իսկ հիմա ամեն բան տակնուվրա է եղել: Ով որ ճարտար սուտեր խոսել գիտե, ով որ խելացի կերպով խաբել գիտե, նա է առաջ ընկնում: Մեր նմանների ռեխին ո՞վ է նայում: Հիմա նոր հավեր են եկել, ու երկաթե ձվաներ են ածում:

Պապին Ներսեսի ամենաջերմ պաշտողներից մեկն էր. այդ հավիտենական հիշատակի արժանի կաթողիկոսի անունը նրա լեզվում սրբության նշանակություն ուներ: Ամեն մի զեղծում տեսնելու ժամանակ, երբ նրա սիրտը վշտանում էր, նա միշտ սովորություն ուներ հիշել Ներսեսի ժամանակները, որ նրա համար Էջմիածնի ոսկեդարն էր:

Պապին այժմ մի առանձին հոգեզմայլությամբ դարձյալ հիշեց ոսկեդարը: Նա ցույց էր տալիս գեղեցիկ լիճը, բացատրում էր, թե ինչ նպատակի համար էր շինել տվել այն մեծ մարդը այդ գեղեցիկ լիճը: Ցույց էր տալիս լճի մոտ մի ավերակ, որ պետք է թղթի գործարան լիներ, որ վանքը ուրիշ տեղից թուղթ բերել չտար, իսկ այժմ այնտեղ վանքի գյուղացիները իշաներ էին կապում: Ցույց էր տալիս լճի հանդեպ մի ուրիշ ավերակ, որ պետք է մետաքսի գործարան լիներ, որի համար տնկել տվեց վեհափառը անտառի մի ահագին մասը, որ բաղկանում էր թթենիներից: Հիշելով անտառը,