Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա չկարողացավ իր արտասուքը զսպել, և պատմեց, թե վեհափառը իր տնկել տված ծառերը այնքան էր սիրում, որքան հայրը կսիրե իր զավակներին։ Երբ գնում էր անտառը, միշտ մի փոքրիկ կտրոց իր մոտ ուներ և իր ձեռքով կտրատում էր ծառերի ավելորդ ճյուղերը։ Եվ նա բոլոր ծառերը ճանաչում էր, և գիտեր, թե տարվա մեջ որը որքան է մեծացել։ Այդ տեսնելով վեհափառը ուրախանում էր, որպես հայրը, նայելով իր մանուկի աճող հասակին ուրախանում էր և այլն։

Վարդանը նկատելով, որ այդ պատմությունը շատ երկար կձգվի, կամենում էր հեռանալ։

— Ականջդ մոտ բեր, Վարդան,— ասաց պապին։

Վարդանը ականջը մոտ տարավ և լսեց հետևյալ խոսքերը.

— «Շուտ հեռացիր այստեղից, որդի, քեզ վրա խորթ աչքով են նայում»։

— Ինձ այստեղ դեռ ոչ ոք չի տեսել, պապի։

— Բավական է, որ մեկը տեսել է։ Ես վատ բաներ լսեցի քո մասին։

— Ձեր ականջները խո լավ չեն լսում, պապի, ինչպես լսեցիք։

— Պապիի ականջները այն ժամանակ միայն վատ են լսում, երբ խոսքը իրան ձեռնտու չէ, բայց պետքական խոսքը նա իսկույն լսում է։

Վարդանը ծիծաղեց և հեռացավ։ Պապին նրա ետևից կանչեց.

— Լսի՛ր, Վարդան, եթե քաղաքը գնալու լինիս, չմոռանաս ինձ համար մի քիչ բուռնոթի ուղարկել։ Դու խո տեսա՞ր, որ տուփս դարդակ էր։

Այդ միջոցին հայտնվեցան Մելիք-Մանսուրը Հովհաննես հայր սուրբի հետ։

— Ի՞նչ էիր խոսում պապիի հետ,— հարցրեց վերջինը։

— Նա միակ ազնիվ մարդն է այստեղ,— պատասխանեց Վարդանը, և դառնալով Մելիք-Մանսուրին, ասաց.

— Ես կցանկանայի ձեզ հետ առանձին խոսել, դուք ունե՞ք այստեղ որևիցե ծանոթ տուն։

— Ունեմ։

Վարդանը ոչ թե պապիի խոսքերից կասկածի մեջ ընկավ, այլ առհասարակ աշխատում էր իրան հեռու պահել վանքից։ Բացի դրանից, նա անհանգիստ էր Լալայի մասին, պետք էր գտնել նրան,