Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զանազան տեղերում սկսվեցավ սարսափելի կոտորածը...

—Ես մինչև այսօր համոզված եմ, և եթե ժողովուրդը տեղից չշարժվեր, կարող էր պաշտպանվել։ Թուրքաց կանոնավոր զորքերը, շատ հասկանալի է, որ չէին հարձակվի հնազանդ և խաղաղ ժողովրդի վրա։ Տեղային իշխանությունը մինչև այդ աստիճան ակներև բարբարոսություն չէր անի, մանավանդ, որ այդ ժամանակ Ալաշկերտի և Բայազեդի կողմերում լիքն էին անգլիական ագենտներ և եվրոպական լրագրների թղթակիցներ։ Տեղային իշխանությունը կաներ այն, ինչ որ արեց։ Այսինքն` ծածուկ քրդերին կգրգռեր հայերի դեմ և ինքը մատների միջից կնայեր գործող բարբարոսությունների վրա։ Բայց քրդերի դեմ պաշտպանվելը շատ դժվար չէր լինի։ Մի փոքրիկ, բայց խիստ նշանավոր դեպք կապացուցանե, որ իմ ենթադրությունը սխալ չէ։ Ես համառոտ կերպով կպատմեմ քեզ։

—Գաղթականությունից հետո, երբ ռուսաց զորքերը բոլորովին թողեցին Բայազեդի և Ալաշկերտի գավառները, այսինքն` երբ այդ երկրները կրկին անցան թուրքաց ձեռքը, այն ժամանակ, որպես պատմեցի, քրդերը սկսեցին կողոպտել, կոտորել և տանջել մնացած հայերին։ Այդ միջոցին մի քանի հարյուր ընտանիք թողեցին իրանց բնակությունները և ամրացան լեռների մեջ: Երևակայեցեք, մի քանի հազար քրդեր, մի քանի շաբաթ շարունակ կռվում էին այդ մի բուռն քաջերի հետ, որոնք ոչ միայն հանձըն չառեցին անձնատուր լինել, այլ մի քանի հաջող հարձակումներ գործելով, կարողացան խլել թշնամուց հարուստ ավար և պատերազմական պատրաստություններ։ Իմ սիրտը և այս րոպեիս թնդում է մի անսահման ուրախությամբ, երբ մտաբերում եմ աչն անմոռանալի օրերը։ Կռվում էին ոչ միայն երիտասարդները, այլև ծերերը, այլև կնիկները։ Ես այժմ համոզված եմ, որ ստրկությունը չէ կարող խլել մի ժողովրդի քաջությունը, որ նախնիքը թափել էին նրա երակների մեջ։ Ստրկությունը կարող է միայն ժամանակավորապես ճնշել և խեղդել քաջազնական ոգին, բայց սպանել —ո՛չ։ Զարկեց հաջող ժամը, նա կրկին կզարթնի իր վաղեմի ուժով և ավելի սաստիկ զորությամբ։ Ես այդ տեսա իմ աչքով։ Եվ միակ ուրախալի երևույթը, որ վերջին աղետների մեջ կարող է մխիթարել մեզ` այդ է։

Վարդանի մռայլված դեմքը փոքր ինչ պայծառացավ և նա իր