Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տխուր աչքերը ուղղեց դեպի վեր, կարծես, աղոթում էր, կարծես, փառք էր տալիս Վերին նախախնամությանը:

—Ինչո՞վ վերջացավ, —հարցրեց նա։

—Երկար պատսպարվել անմատչելի լեռների մեջ, թեև շատ դժվար էր, բայց դարձյալ կարելի էր, եթե մենք գործ ունենայինք միայն քրդերի հետ։ Բայց շուտով պաշարեցին մեզ կանոնավոր զորքեր։ Այդ վերջիններին նույնպես կարելի էր ընդդիմադրել, մեր կողմն էր մի անընկճելի զորություն, Հայաստանի լեռները, որ այնքան խնամքով պահում են իրանց մեջ ապաստանողներին: Բայց պաշարի և ուտեստի պակասությունը վրա հասավ, որպես մի թշնամի, որին հաղթել անկարելի էր։ Թեև երբեմն գիշերով մերայինք իջնում էին լեռներից, և հարձակվելով քրդերի մերձակա գյուղերի վրա, պաշար էին բերում, բայց այդ խիստ սակավ անգամ հաջողվում էր, ավելի այն պատճառով, որ քրդերի գյուղերը դատարկ էին և բնակիչները իրանց անասունների հետ գնացել էին հեռավոր արոտատեղիներ։ Իհարկե, մեր այդ դրությունը երկար շարունակվել չէր կարող, երբ մեր շրջակայքում չէր մնացել ոչ մի հայաբնակ գյուղ, որտեղից կարողանայինք օժանդակություն գտնել, գոնե պաշարի կողմից։ Բայց թշնամին հետզհետե մոտենում էր։ Այդ ժամանակ մերայինք կատարեցին մի հրաշալի քաջագործություն։ Մի գիշեր պատառելով պաշարող շղթան, անցան թշնամու ահագին բանակից։ Երևակայեցեք, որ դրանք կռվող տղամարդիկ չէին միայն, որոնց հեշտ լիներ մի այս տեսակ հանդուգն ձեռնարկություն, այլ իրանց հետ ունեին ամբողջ ընտանիքներ, կին աղջիկ և երեխաներ։

—Հետո ո՞ւր։ գնացին, —հարցրեց անհամբերությամբ Վարդանը։

—Անցան թուրքաց սահմանից և գնացին Պարսկաստան։ Բայց ճանապարհին ոչ պակաս վտանգների դեմ ստիպված էին պատերազմել։

—Ուրեմն դու Պարսկաստանից եկար այստեղ։

—Այո՛, Պարսկաստանից։

—Այժմ դու ի՞նչ դիտավորություն ունես այստեղ, —հարցրեց Վարդանը։

—Ես միայն մեկ դիտավորություն ունեմ, և կարծեմ, դու էլ կհամաձայնվես ինձ հետ, —պատասխանեց Մելիք—Մանսուրը, ավելի լուրջ դեմք ընդունելով.—պետք է աշխատել, որ այստեղ եկած գաղթականների կյանքը պահպանվի և նրանք իսպառ չոչնչանան