Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան թաղմանը ներկա գտնվել։ Եվ չնայելով բժշկապետի ընդիմադրությանը, թե դրանով բոլորովին կտկարացնե և կխանգարե իր առողջությունը դարձյալ հնար չեղավ նրան ետ պահելու։ Կարծես, այդ օտարոտի ցանկությունը կրկին վերադարձրել էր նրա սպառված ուժերը։ Նա իրան բավական զվարթ էր զգում և գտնվում էր կատարյալ ողջամտության մեջ։ Երբ դագաղը դրեցին գերեզմանի մեջ, նա ասաց. «Կցանկանայի քեզ հետ թաղվել, իմ նազելի Լալա...»։ Այդ միջոցին նրա աչքը ընկավ իր երկու զավակների վրա և ձայնը խեղդվեցավ...

Սառային գերեզմանատնից բոլորովին ուշաթափ տուն բերեցին։ Եվ նույն իսկ րոպեին, երբ բժիշկը զբաղված էր նրան ուշքի բերելով, դռան մուրճը զարկեցին։ Ծառան դուռը բաց արեց, տեսավ, երկու անծանոթ երիտասարդներ և մի քահանա կանգնած էին այնտեղ։

— Ո՞ւմն եք ուզում,— հարցրեց ծառան։

— Մեզ ասացին, որ այս տանը կենում են երկու ալաշկերտցիներ,— հարցրեց Վարդանը,— մեկը կին, մյուսը աղջիկ։

— Այո՛, կենում են, բայց աղջիկը...

— Ի՞նչ եղավ։

— Մեռավ...

Վարդանը շանթահար ծառի նման խորտակվեցավ և ընկավ Մելիք֊Մանսուրի ուսի վրա։

ԽԳ

Մութ, խավարային գիշեր էր։ Շոգիներով լցված ամառային տաք օդը անախորժ ծանրությամբ նստում էր մարդու սրտի վրա։ Գիշերային լռության մեջ ոչ մի ձայն, ոչ մի շշունջ չէր լսվում: Կարծես ամեն ինչ մեռած լիներ։ Միայն Գայանեի գերեզմանատան մի անկյունից լսվում էին խուլ հառաչանքներ։ Մի երիտասարդ, տարածված բոլորովին թարմ հողադամբարանի մոտ, դառն կերպով մրմնջում էր։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա տխուր աչքերից և թրջում էր ցամաք հողը։ Երբեմն նա գրկում էր փոքրիկ հողադամբարանը և համբուրում էր նրան, երբեմն իր երեսը և աչքերը քսում էր նրա խոնավ մակերևույթին։ «Լալա՜ անբախ՜տ Լալա» բառերը․․․շատ անգամ հնչում էին նրա շրթունքից,