Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կարծես, այդ բառերի հետ դուրս էին թռչում նիա սիրտը և հոգին։

Այդ երիտասարդը Վարդանն էր։ Երկար թափառումներից հետո, նա գտավ սիրած աղջկա գերեզմանը միայն։ Էլ ի՞նչ էր մնում նրան։ Կյանքի ալեկոծությունների մեջ, անդադար մաքառելով դժվարին անհաջողությունների դեմ, նա ուներ մի վառ և պայծառ աստղ միայն, որի վրա հառած էր նրա աչքը, որը առաջնորդում էր նրան դեպի փրկության նավահանգիստը։ Իսկ այժմ այդ աստղը նույնպես հանգավ։ Էլ ի՞նչ էր մնում։ Մնում էր մի խորտակված և վիրավոր սիրտ, որի համար պակաս էր առողջարար բալասանը, որի մի կաթիլը բժշկում էր բոլոր վերքերը։ Կորուստը անփոխարինելի էր։ Վարդանը երբեք չէր սիրել։ Սառն և խստասիրտ երիտասարդը քնքուշ զգացմունքներ չուներ։ Բայց Լալայի սիրո առջև, փափուկ մոմի նման, հալվեցավ նրա բնավորության կոշտությունը։ Լալայի սերը կախարդեց նրան։ Բայց ո՞ւր Էր այժմ մխիթարիչ հրեշտակը։ Այն հողադամբարանի տակ, որ գրկել էր ինքը, որ թրջում էր իր արտասուքներով։ Այն հողադամբարանի տակ թաղված էր և անբախտ երիտասարդի սիրտը։

Երկար այնպես տանջվում էր, մորմոքում էր և անմխիթար կսկիծների հետ մաքառում էր նա, մինչև մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր և ոչ արթնություն, տիրեց նրա անդամներին։ Բորբոքված գլուխը ընկավ գերեզմանի վրա և աչքերը փակվեցան։

Նրա վառ երևակայության մեջ այժմ սկսեցին ամբոխել խառնափնթոր երազներ։ Ինչե՞ր ասես չէր տեսնում նա։ Երբեմն սարսափելի դժոխային տեսիլներ սոսկում և արհավիրք էին ազդում նրան։ Իսկ երբեմն գեղեցիկ մխիթարական երևույթներ հրապուրում էին նրան։ Կարծես դարերը մի քանի շրջան առաջ էին գնացել, և նա տեսնում էր Հայաստանը, ավերակ և անապատ դարձած Հայաստանը, այժմ բոլորովին կերպարանափոխված, բոլորովին վերանորոգված։ Այդ ի՞նչ հրաշալի փոփոխություն էր։ Մի՞թե կորած դրախտը կրկին վերադարձել էր այդ երկրի վրա։ Մի՞թե կրկին տիրում էին այն ոսկեղեն ժամ տնակները, երբ չարությունը և անիրավությունը տակավին չէին ապականել աստուծո անմեղ աշխարհը։ Բայց ո՛չ, Վարդանի տեսածը այն դրախտը չէր, որ հիմնեց Եհովան Հայաստանի չորս գետերի ակունքի մոտ, ուր մարդկային առաջին զույգը ապրում էր կատարյալ անմեղության և կատարյալ տգիտության մեջ։ Այդ այն դրախտը չէր, ուր մարդը չէր գործում, չէր աշխատում և չէր արդյունաբերում, այլ ապրում էր