Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մի քանի ամիս անցկացներ գյուղում, բայց նրան ոչնչով չես կարող համոզել»։

— «Իսկ քանի՞ որդի ունիք դուք»։

— «Մեր տոհմը միշտ բազմածին է եղել, մեր նախապապ տանուտեր Խաչոյի ընտանիքը բաղկանում էր ավելի քան հիսուն հոգուց, իսկ ես միայն հինգ զավակներ ունեմ։ Լալան միակ աղջիկ զավակս է, մնացած չորսը տղամարդիկ են»։

— «Ի՞նչով են պարապվում»։

— «Մեկը անտառապահ է միևնույն անտառների, որ տեսնում եք, մեկը պրոֆեսոր է Կարինի համալսարանում, երրորդը գնդապետ է Վանի զորաբաժնի մեջ, չորրորդը դեռ սովորում է Նոր-Բագրիվանդի գյուղատնտեսական ուսումնարանում»։

Վարդանին անծանոթ երևեցավ քաղաքի անունը և հարցրեց.

— «Այս կողմերում ես չեմ հիշում մի այս անունով քաղաք»։

— «Դա հին Բայազեդն է, այժմ այս անունն է կրում։ Մեր քաղաքներից, գյուղերից և գավառներից շատերը փոխել են իրանց անունները, մի քանիսը իրանց վաղեմի պատմական անուններն են ստացել, իսկ մի քանիսը նոր անուններ են ստացել»։

Տան տերը կրկին ձեռքն առեց լրագրի թերթը և կարդում էր մի հոդված, որը, որպես երևում էր, սաստիկ անհանգստացնում էր նրան։ Վարդանը հետաքրքրությունից շարժված, հարցրեց․

— «Ի՞նչ նորություն կա»։

— «Առանձին ոչինչ... էգուց քաղաքում պիտի գումարվի երեսփոխանական ընդհանուր ժողով... մի քանի վիճելի հարցեր պետք է քննության ենթարկվեն... չգիտեմ ի՞նչով կվերջանա... կուսակցությունները սաստիկ հուզված են երևում»...

— «Դո՞ւք ևս կլինեք այնտեղ»։

— «Չեմ կարող չլինել»։

Խոսակցությունից երևաց, որ Վարդանի հյուրընկալը, այդ հովտի գյուղացիներից ընտրված, երեսփոխան էր։

Նախաճաշիկը արդեն վերջացել էր. Վարդանը վեր կացավ, և շնորհակալություն հայտնելով, կամենում էր հեռանալ։

— «Եթե դուք կցանկանայիք տեսնել մեր գյուղում մի քանի հիմնարկություններ,— ասաց նրան տան տերը,— ես սիրով հանձն կառնեի առաջնորդել ձեզ»։

— «Շնորհակալ եմ, պարոն»,— պատասխանեց Վարդանը։

— «Եթե մյուս անգամ կպատահի ձեզ անցնել մեր գյուղից,— խոսեց տանտիկինը,— մեր դռները միշտ բաց կլինեն ձեր առջև»։