Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Շնորհակալ եմ, տիկին»,— ասաց Վարդանը գլուխ տալով։

— «Եվ մեր տունը չի ձանձրացնի ձեզ»,— ավելացրուց տանտիրոջ գեղեցիկ աղջիկը անկեղծ ժպիտով։

— «Շնորհակալ եմ, օրիորդ»,— ասաց Վարդանը, ավելի խոնարհ կերպով գլուխ տալով։

Վարդանը դուրս գալուց հետո, այժմ նոր սկսեց զգալ իր նեղված դրությունը գյուղական ընտանիքի մեջ։ Նա գտնում էր իրան որպես մի բոլորովին վայրենի, որը ավելի քաղաքակրթված հասարակության մեջ տանջվում է, թե ինչո՞ւ ինքը անտաշ և անկիրթ մնաց, թե ինչո՞ւ ինքը չէր կարող այնպես խոսել, այնպես դատել և այնպես պահել իրան, որպես մյուսները։ Այդ ի՞նչ հրաշք էր։ Տանուտեր Խաչոյի տոհմը, անցնելով դարերի բովի միջից, զտվել, մաքրվել և կերպարանափոխվել էր, ստեղծելով մի նոր և ազնիվ սերունդ։

Վարդանը և իր հյուրընկալը միասին գնում էին գյուղի փողոցով։ Նրանց մոտից անցնում էին մաքուր և պարզ կերպով հագնված շինական կնիկները․ յուրաքանչյուրը ձեռքին հյուսելով մի բան և նրանց տղամարդիկը գործավորի հագուստով։ Ոչ մեկը անգործ չէր, ամեն մարդ իր զբաղմունքն ուներ։ Զարմանում էր Վարդանը տեսնելով, թե որքա՛ն փոխվել էր կյանքը, թե որ բան վայելուչ կերպարանք էր ստացել նա։ Առաջվա գռեհկական կոշտությունները այլևս չէին երևում, ամեն տեղ շնչում էր կրթության ոգին իր ջերմ, կենսագործող զորությամբ։ Մի բան որ մնացել էր անփոփոխ, դա էր հայկական խոսքը — լեզուն։ Բայց որքա՜ն մշակվել, որքա՜ն կոկվել էր այդ լեզուն, և որքա՜ն գեղեցիկ դարձվածներով այժմ հնչում էր նա հայ մարդու բերանում։

Վարդանը իր հյուրընկալի հետ այժմ գտնվում էին գյուղից դրսում։ Դեպի ամեն կողմը, ուր և նայում էր Վարդանը, երևում էին հարուստ ագարակներ, գեղեցիկ այգիներ, լավ մշակված դաշտեր և ճոխ արոտամարգեր։

Նրանք անցան մի գործարանի մոտից, որտեղ տախտակներ էին սղոցում։ Այստեղ գործում էին գլխավորապես մեքենաներ և շոգին։ Սղոցարանը մատակարարում էր բոլոր գյուղերի և մերձակա քաղաքի համար տախտակներ զանազան ձևերով և զանազան մեծությամբ։

— «Այդ ո՞ւմն է պատկանում»,— հարցրեց Վարդանը։

— «Մեր գյուղում, ինչ գործարան որ տեսնելու լինեք, առանձին մարդու սեփականություն չէ,— պատասխանեց նրա հյուընկալը,—