Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ






Ա

Բ... գյուղի մեջ ամենի ուշադրությունը գրավել էր մի փոքրիկ տղա, որ դեռ նոր էր մտել իր տասներկու տարեկան հասակը։ Ժամասեր գյուղացիները նրա ձայնովն էին զմայլած, դաշտից անցնելիս, նա էր, որ այնպես քաղցր երգելով, վաղ առավոտյան գառները արածացնելու էր տանում։

Նրա անունը Գալուստ էր, բայց գյուղացիները կրճատելով Կալո էին կոչում։ Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր հարուստ մարմնական զորություն։ Կալոյի դեմքը նույնպես վատ չէր, արևից այրված և համարյա սևացած երեսի վրա կարելի էր տեսնել մի քանի գեղեցիկ և կանոնավոր գծեր, որոնց մեջ կրակոտ և վայրենի աչքերը արտահայտում էին խիստ զվարթ բնավորություն։

Կալոն որբ էր։ Ծնողքը մեռել էին վերջին խոլերայից, թողնելով միակ զավակը դառն աղքատության մեջ։ Նրա հորեղբայրը, բարեսիրտ Ավետը «հոգու համար» վեր առավ իր մոտ որբին և սկսեց հայրական խնամք տանել։ Ավետը, որին բոլոր գյուղացիները «ապեր» (եղբայր) էին կոչում, վայելում էր առանձին հարգանք իր դրացիներից։ Նա հանդարտ և աշխատասեր մարդ էր և քիչ չէր պատահում, որ խաղաղացնում էր զանազան վեճեր, որ ծագում էին իր դրացիների մեջ։

Ավետ ապոր ընտանիքը շատ մեծ չէր։ Ինքը, իր կին Եղիսաբեթը և երկու փոքրիկ երեխաները կազմում էին ամբողջ գերդաստանը, որի գլխին բարձրացած էր, որպես ընտանիքի մայր, Շուշան