Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ մոտ կհայտնվի մի մարդ։ Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում։

— Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց։

— Իմ անունը կհայտնես։

— Կարելի է, նա չհավատա։

— Այս մատանին ցույց կտաս։

Սարհատը հանեց իր մատից մատանին և տվեց Մըստոյին։

— Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է։

— Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից։

— Իմացա։ Նրանք քանի՞ հոգի են։

— Տասն և երկու։

— Ո՞վքեր են։

— Իմ ընկերները։

— Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում,— նկատեց Մըստոն.— ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք։ Բայց 13 թիվը նաս[1] է։

— Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք,— ասաց Սարհատը,— 14-ը նաս չէ։

— Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ,— նկատեց Մըստոն,— ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս։

— Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը։ Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի՞ նեղացնի, մինչև Բիժինկերտ բավական հեռու է։

— Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել։

— Վերքը քանի՞ օրվա է։

— Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի։

— Դե՛հ, հիմա գնա։

Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին։

  1. Նաս նշանակում է անբարի կամ չարագուշակ։ 13 թիվը նաս է համարվում մահմեդականների մեջ, համբարելու միջոցին 13 թվին հասնելու ժամանակ մահմեդականը միշտ անց է կացնում, ասելով․ «13 չէ»։