Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տատը, յոթանասուն տարեկան մի պառավ, որ իր ծերության հեղինակությամբ իշխում էր բոլորի վրա։ Պառավները առհասարակ բարեսիրտ են լինում, և մանավանդ Շուշան տատը, որ մի առանձին գութ ուներ դեպի իր թոռնիկը, Կալոն, որի մեջ գտնում էր մեռած որդու սիրելի պատկերը։

Փոքրիկ Կալոն տարվա երեք եղանակներում օգնում էր իր հորեղբորը նրա տնտեսական գործերի մեջ, իսկ ձմեռը գնում էր տեր-տերի մոտ և ժամագիրք էր կարդում։ Կարդալ ասելով՝ պետք է հասկանալ, որ նա անգիր սերտել էր այս գրքից մի քանի «փոխեր», շարականներ, աղոթքներ, թեև տառերն անգամ չէր ճանաչում։

Կալոյի տնային ծառայությունները, նայելով, թե որքան շատ աշխատացնում են գյուղացի երեխաներին, մեծ չէին։ Վաղ առավոտյան նա վեր էր կենում, աղբյուրից սափորով ջուր էր բերում, մարագից թոնիրի համար վառելիք էր բերում, գավիթը մաքրում էր և Եղիսաբեթին օգնում էր կովերը կթելու։ Թեև այս գործերը աղջիկներն են կատարում, բայց Ավետ ապերը զուրկ էր աղջիկ զավակից, և նրա երկու որդիքը դեռ շատ մանրիկներ էին։ Երբ տանը նրա համար այլևս գործ չկար, նա հագնում էր տրեխները և մի կտոր ցամաք հաց գրպանը դնելով, ձեռքն էր առնում հովվական ծանր ցուպը, որ իր հասակի կրկին երկարությունն ուներ, և գառները քշում էր դաշտը արածացնելու համար։ Տանեցիք հազիվ էր պատահում, որ ծեծեին նրան, որովհետև չափազանց կամակատար տղա էր Կալռն։

Փոքրիկ հովիվը սիրելի էր և իր ընկերներին, որոնց հետ միանալով, գառները խառնում էին միասին և տանում էին Արաքսի ափերի մոտ արածացնելու։ Այս գետից հեռու չէր նրանց գյուղը։ Նա իր ընկերների ուրախությունն էր. ի՞նչ խաղեր ասես չէր սարքում նա, ի՞նչ հանաքներ ասես չէր անում նա։ Շատ անգամ զվարճացնում էր նրանց իր քաղցր երգերով և շատ անգամ ուրախացնում էր նրանց իր եղեգնյա սրնգի ձայնով, որ բավական վարպետությամբ ածում էր։ Կալոն իր ընկերների մեջ ստացավ հերոսական փառք, սկսյալ այն օրից, երբ մի անգամ, Արաքսի ծանծաղուտներում լողանալու միջոցին, խեղդվելուց ազատեց իր ընկերներից մեկին։ Այնուհետև նա պաշտելի դարձավ։

— Կալո, ե՛կ մեր հացիցը կեր, դու մայր չունես... մեր մայրը կարագ է դրել, սեր է դրել, ե՛կ միասին ուտենք,— ասում էին երեխաները և նրան հրավիրում իրանց համեստ սեղանին բաժանորդ լինել, երբ կեսօրին նստոտում էին կանաչ խոտերի վրա ճաշելու։