Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բ

Մեծ պասի վերջին շաբաթվա օրերից մեկն էր։ Այս շաբաթում գյուղացիները իրանց բոլոր լավ բաները կրում են քաղաքը, որ հարուստները լավ զատիկ անեին։ Ավետ ապերն էլ, աքաղաղը կանչելուն պես, կես գիշերին վեր կացավ, ճրագը վառեց, լվացվեցավ, երեսը խաչակնքեց և սկսեց իր էշերը համետել։ Ամբողջ ընտանիքը դեռ քնած էր, միայն Եղիսաբեթը օգնում էր ամուսնին։ Նա դեռ մի օր առաջ պատրաստել էր երկու տիկ յուղ, մի բեռ նոր պանիր, երկու կթոց ձվաներ և մի քանի հատ հավեր, որ պետք էր տանել քաղաք ծախելու համար։

Մի այսպիսի նշանավոր խորհուրդը չէր կարող ծածուկ մնալ Կալոյի հետաքրքիր ուշադրությունից, որ իր հորեղբոր առաջին ոտնաձայնը լսելով գլուխը վեր բարձրացրեց վերմակի տակից և ճրագի պես վառվող աչքերը լայն բաց անելով ասաց.

— Ինձ էլ պիտի տանես։ ես էլ կգամ։

— Ո՞ւր,— հարցրուց հորեղբայրը մի փոքր վրդովված ձայնով։

— Քաղաք,— ասաց Կալոն։

Ավետ ապերը, չնայելով իրան հատուկ սառնասրտությանը, այն գիշեր ինչ-որ բանի վրա բարկացած էր և շատ տխուր էր երևում։ Այսպիսի մարդիկ երբեմն իրանց բարկությունը թափում են մի բոլորովին անմեղ առարկայի վրա, և այդ առարկան եղավ ողորմելի Կալոն։

— Ձենդ կտրի՛, լակո՛տ,— գոռաց նա կատաղի կերպով.— քաղաք գնալդ էր պակաս...

Կալոն լռեց և գլուխը կրկին դրեց բարձի վրա, երեսը թաքցրուց վերմակի տակ և սկսեց խուլ ձայնով լաց լինել։ Նրա ձայնը արթնեցրեց պառավ Շուշանին, որ միևնույն անկողնի մեջ իր թոռնիկի հետ միասին էր պառկած։

— Այ տղա՛, ի՛նչ կա, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցրուց նա։

Կալոն հայտնեց պատճառը։

Նույն միջոցին խրճիթը ներս մտավ Ավետ ապերը, մնացած վերջին բեռը դուրս տանելու համար։

— Ավետ, որդի, ինչո՞ւ ես լացացնում խեղճ տղային,— հարցրուց պառավը։— Ուզում է քեզ հետ գալ, դու էլ տար․ էլ ինչո՞ւ ես սիրտը կոտրում։

— Ախար նրա ի՞նչ քաղաք գնալու ժամանակն է,— պատասխանեց Ավետը մի փոքր մեղմացած կերպով։