Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հրեն Պետրոսենց Գյուքին էլ է գնում... նա ինձանից խո մեծ չէ՞...— վերմակի տակից լսելի եղավ Կալոյի լալագին ձայնը։

— Տա՛ր քեզ հետ, որդի,— կրկնեց պառավը համոզական եղանակով։— Տա՛ր, թող աշխարհ տեսնի. խո աղջիկ չէ, որ միշտ առիքի տակը մնա, տնից գուրս չգա. տղա է, սիրտը ուզում է, բան կսովորի, աչքը կբացվի։

Պառավի խոսքերը առանց հետևանքի չմնացին, մանավանդ երբ Ավետի կինը՝ Եղիսաբեթը մյուս կողմից սկսեց իր ամուսնին համոզել, որ Կալոյին իր հետ տանե, ավելացնելով թե ճանապարհին պետք կգա, էշերը կքշե։

— Դե՛, վեր կաց գնանք, մի ուշացիր,— վերջապես ասաց Ավետ ապերը։

Զատկին մոտ օրերում քաղաք գնալը գյուղացի երեխաների համար մի մեծ զվարճություն է, այնտեղ նրանց համար գնում են արխալուղ, գդակ, տրեխներ և վերջապես մի բան, որ նրանց ուրախացնում է։ Այս առաջին անգամն էր, որ Կալոն քաղաք պիտի տեսներ, և այս պատճառով նրա ուրախությանը չափ չկար, երբ ստացավ իր հորեղբոր համաձայնությունը։ Նա ծտի պես դուրս թռավ իր քնաշորերի միջից, մի քանի րոպե այս կողմ և այն կողմ վազեց, ինքն էլ չիմանալով, թե ինչ բանի համար, և հետո սկսեց իր երկայն ցուպը պտռել։

Կալոյի համար երկար պատրաստություն պետք չէր, նա շատ չուշացավ, որովհետև իր սովորության համեմատ առանց հանվելու էր քնել. հարկավոր էր միայն տրեխները կապել, այնուհետև ամեն ինչ վերջացած էր։ Րոպեական արագությամբ կատարվեցավ բոլորը, հետո նա վեր առավ իր հովվական ցուպը, մոտեցավ պառավ տատին և փա թաթվելով նրա վզին՝ հարցրուց.

— Քեզ համար ի*նչ բերեմ քաղաքից։

Պառավը ոչինչ չպատասխանեց, միայն համբուրեց նրան, և խորշոմած աչքերը լցվեցան արտասուքով։

Ավանակները արդեն բեռնած, պատրաստ էին բակում. Եղիսաբեթր ճրագը ձեռին կանգնած էր այնտեղ, իսկ Ավետը մտել էր ոչխարների գոմը։ Նա դուրս բերեց մի չաղ երկու ամսական գառն և կապելով բեռան վրա իր մտքումը ասաց.— էդ կտանենք «աղայի» համար...

Դեռ բավական ժամանակ կար մինչև լուսանալը, երբ փոքրիկ քարավանը ճանապարհ ընկավ։