Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղան զբաղված էր։ Հետո գյուղացին ծոծրակը քորելով, մի քանի անգամ հազաց, որ ցույց տա իր ներկայությունը։ Աղան գլուխը վեր բարձրացրուց և տեսավ նրան։ Ավետը կրկնեց իր երկրպագությունը։

Աղան քաղաքավարի էր և մանավանդ դեպի այն մարդիկը, որոնց հետ հաշիվներ ուներ։ Հաշվի ժամանակ նրա մարդահաճությունը հասնում էր մինչև ցած կեղծավորության։ Տեսնելով գյուղացուն, նա իր կոշտ դեմքի վրա ձևացրուց մի անսովոր ժպիտ և հարցրուց․

— Բարով, Ավետ ապեր, ո՞նց ես, լա՞վ ես, տղերքդ, տանեցիքդ լա՞վ են։

— Աղոթարար ենք, աղա,— պատասխանեց գյուղացին.— թո՛ղ տեր աստված մեր կյանքիցը կտրե, ձերի վրա դնե։

— Անասուններդ, ցանքերդ լա՞վ են։

— Անասունները, փառք աստուծո, վատ չեն, բայց ցանքերը, տերը ինքը մի ողորմություն անե, ցամաքել, մնացել են։ Մեր մեղքից ջուրը պակասել է այս տարի. անձրև էլ չի գալիս․ գնացին տերտերի մոտ, նա գիրը բացեց, ասաց, երկինքը կապել են...

Աղան մտածեց գյուղացու սնահավատությունից օգուտ քաղել։

— Ապա որ ես ձեզ ասում եմ, թե ինչ պարտք որ անում եք, իր ժամանակին բերեցեք, տվեցեք, բայց ձեր ականջը չէ մտնում։ Տեսնում ե՞ս, աստված էդպես կբարկանա։ Ասել են՝ «ա՛ռ և տո՛ւր, չեն ասել՝ ա՛ռ և կո՛ւլ»։ Ձեր վրա չէ խոսքս, Ավետ ապեր, դու լավ մարդ ես, քո հանգուցյալ հայրն էլ լավ մարդ էր, բայց էն անիրավ Թաթոսենց Գևոն, մի տարի է երեսը չեմ տեսել, քսան մանեթս տարավ, ինքն էլ կորավ, փողս էլ։

— Սևերես է, աղա,— պատասխանեց գյուղացին ողորմելի ձայնով.— պետք է յոլա տանես, խեղճ է։ Քուլֆաթի (ընտանիքի) տեր է, ի՞նչ անե, որ չունե. ունենա, կտա, իր հոգին կազատե։

— Ես խեղճ չե՞մ, ես քուլֆաթ չունե՞մ,— պատասխանեց աղան բարկացած ձայնով։

— Աստված ձեզ տվել է, թո՜ղ ավելի շատ֊շատ տա, բայց նա աղքատ է։

— Չէ՛, Ավետ ապեր, դու խելոք մարդ ես, բայց այսքանր չես հասկանում,— գյուղացու խոսքը կտրեց աղան մեղմությամբ.— ախար ամեն մարդ, որ տարածը ետ չբերե, ես էլ ձեզ նման կլինեմ։

— Դրուստ ես հրամայում, աղա, բայց ոնց որ ըլի, պետք է