Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անել, իմանում ե՞ս, լավությո՛ւն անել... ես ուզում եմ նրա որդին վերառնել ինձ մոտ պահել, մեծացնել և «մարդս շինել... հասկանում ե՞ս, մարդ, ինձ նման մարդ, ոչ թե տգետ գյուղացի․․․

«Մարդ» բառը աղայի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. մարդ ասելով նա հասկանում էր հարուստ վաճառական, որովհետև, նրա կարծիքով, ով որ փող չուներ, նա մարդ չէր։

Լսելով աղայի խոսքերը, Ավետը մի քանի րոպե մտատանջության մեջ մնաց, չգիտեր, թե ինչ պետք է պատասխանել։ Վերջապես անորոշ կերպով ասաց.

— Ինչ ասեմ, աղա, դու ես իմանում, ինչ որ քո ոտը գիտե, այն մեր գլուխը չգիտե։

— Օրհնյալ լինիս, որդի, լավ հասկացար,— խոսեց նա ծանր կերպով։— Դու խելացի մարդ ես, դու չես թողնի, որ քո եղբոր որդին անբախտ մնա։ Մի բան էլ կա, էն էլ պիտի գիտենաս, երբ որ քո եղբոր որդին մեզ մոտ մնա, դու ավելի կշահվես մեզանից, կգաս, կգնաս, կուտես, կխմես, մեր դուռը քո առջևը միշտ բաց կլինի։

Կալոն համարյա չէր լսում, թե որպիսի վճիռ է կատարվում իր վիճակի փոփոխության վերաբերությամբ. նրա ուշադրությունը գրավել էին խանութում գտնված առարկաները։ Նա իր աչքը չէր հեռացնում կարդոնից շինած փոքրիկ ձիուց, որ կանգնեցրած էր նեղ տախտակի վրա։

— Ի՜նչ լավ պստիկ ձի է,— ասաց նա իր մոտ կանգնած խանութի փոքրիկ աշակերտին։— Ի՞նչ է ուտում։

Փոքրիկ աշակերտը ժպտելով գյուղացու միամտության վրա, նկատեց, որ սուս կենա, ամոթ է։

— Հիմա հասկացա՞ր — շարունակեց աղան,— դու կթողնես այս տղային մեզ մոտ, կհագցնեմ, կպահեմ, ինչպես իմ որդիս, երբ մեծացավ, խելքը բանի հասավ, ամսական էլ կտամ։

Ավետը մի կողմից ուրախ էր, որ իր եղբոր որդին կբախտավորվի և, աղայի ասածին պես, «մարդ» կդառնա, բայց մյուս կողմից մտածում էր, թե ինքը կզրկվի մի լավ գործիքից, որովհետև Սալոն շատ բանում օգնում էր նրան։ Բայց վերջին մտածությունը որքան և գործնական լիներ, այսուամենայնիվ նա արտահայտել չէր կարող, քանի որ ինքը պարտական էր աղային, «պարտականի երեսը սև կլինի, իսկ լեզուն — կարճ»։

Պայմանների մեջ համաձայնվեցան, և, իսկն ասած, ամենևին պայման չդրվեցավ, միայն աղան խոստացավ կերակրել, հագցնել