Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կալոյին և ժամանակով, երբ նա կարող կլինի «օրինավոր գործ» կատարել, ամսական մի բան կստանա։ Եվ այսպես բոլոր հույսը մնաց ապագայի վրա..․

Բայց Կալոյի կամքը ոչ ոք չէր հարցնում։ Երբ Ավետը հայտնեց նրան իրա խորհուրդը, նա խիստ տհաճությամբ պատասխանեց.

— Ես այստեղ չեմ մնա։

Ավետը քաղցրությամբ նրան համոզել սկսեց, թե քաղաքը լավ էր գյուղից, թե աղայի տանը նրան լավ կպահեն, թե ինքը շուտ շուտ կգա նրան տեսնելու և ուրիշ շատ խոսքեր ասաց, բայց համոզել չկարողացավ։

— Ես այստեղ չեմ մնա,— կրկնեց երեխան։— Ես քեզ հետ կգամ։

Երբ հորեղբայրը սկսեց ավելի թախանձել, խեղճ տղայի աչքերում երևացին արտասուքի կաթիլներ։ Այդ արտասուքն էր, որ սկիզբն գրեց մի արտասվալի ապագայի...

Կալոյին համարյա զոռով բաժանեցին իր հորեղբորից և տարան աղայի տունը։

Հեռանալով քաղաքից, Ավետ ապերը միշտ այն տխուր մտածության մեջն էր գտնվում, թե ի՞նչ ասե Շուշան տատին, ո՛րպես հանգստացնե նրան։ Որովհետև գիտեր, որ խեղճ պառավը առանց Կալոյին մի օր տեսնելու ապրել չէր կարող։

— Տարեցիր երեխիս, կորցրիր... — ասաց նա, երբ լսեց Ավետի խոսքերը։


Ե

Ե... քաղաքի մի ետ ընկած փողոցում գտնվում էր միհարկանի տուն, որ որոշվում էր բոլոր տներից իր մաշված պատերով, ցած դռնով և նեղ լուսամուտներով, որոնց նմանը կարելի է տեսնեք միայն բանտերի մեջ։ Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ։ Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր