Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլն, որովհետև բոլորովին բնական է համարում։ Այնպես էլ պետք չէ պարծենալ փողի վրա, որովհետև դա մի կենսական անհրաժեշտություն է, առանց որի, նրա կարծիքով, մարդը ապրել կարող չէր, և առանց որի պակաս էր մարդու համար մի ամենագլխավոր գործիչ։

Բայց փող ձեռք բերելու և փող պահպանելու համար, բացի «ոսկի աքաղաղից», այսինքն՝ բացի բախտից, Մասիսյանը ուներ իր հատուկ օրենքները։ Նրա բարոյականության, նրա ամբողջ գործունեության նշանաբանը բովանդակում էր հետևյալ հայկական առածի մեջ, թե «աշխարհս դմակ է, իսկ մարդը — դանակ»․ պետք է աշխատի այս յուղալի պատառից կտրել և ուտել, եթե ոչ քաղցած կմեռնի։ Իսկ միջոցների մեջ նա զանազանություն չէր դնում․ ամեն միջոց նրա համար սուրբ էր, երբ հասցնում էր նպատակին: Եվ այդ բոլորը անում էր նա ոչ թե գիտակցաբար, ոչ թե չարամտությամբ, այլ բոլորովին բնական էր համարում, և այս պատճառով նրա խիղճը միշտ հանգիստ էր։

Մասիսյանը մսավաճառի որդի էր։ Նա մանկության հասակում օգնում էր հորը իր արյունոտ գործի մեջ։ Մսավաճառը և դահիճը շատ չեն զանազանվում իրանց արհեստով։ Մեկը մարդիկ է մորթում, մյուսը՝ անասուններ։ Այստեղից Մասիսյանը ստացավ իր բնավորության խստությունը, որ երբեմն նրա մեջ բարբարոսության էր հասնում։ Բայց նրա խստասրտությունը ավելի տնային էր և ընտանեկան։ Նա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են «տանը՝ սատանա, դուրսը քահանա»։ Ընտանեկան շրջանում նա բռնակալ էր, որաես գազան, իսկ դրսումը — գառն։ Նրա մարդահաճությունը օտարների հետ հասնում էր մինչև ստորաքարշ ցածության։ Նա ուներ սողունի բոլոր հատկությունները։ Օձի պես դյուրաթեք և առաձգական էր․ դեպի ամեն կողմ գալարվում էր, ծռվում և ծալվում էր։ Եվ նույնպես օձի նման իր թույնը թաքցրած ուներ խայթոցի մեջ...

Այսպիսի հատկություններով Մասիսյանը նպատակ չուներ ոչ ոքին խաբելու, ոչ ոքի առջև կեղծավորվելու և ոչ մտածում էր, թե մեղանչում է պատվի դեմ, այլ համոզված էր, թե ուրիշ կերպ լինել կարելի չէ, թե աշխարհը այդ է պահանջում, և իր վարմունքը արդարացնում էր այն սովորական խրատով․ «Եթե մտնելու լինիս մի քաղաք և տեսնես, որ մարդիկը միականի են, դու էլ աչքերիցդ մեկը դուրս հա՛ն, որ նրանց նմանես»։— «Սարթ (դյուրաբեկ) ամանը շուտով է կոտրվում», ասում էր նա, պետք է փափուկ լինել,