Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ

Մասիսյանի ընտանիքը փոքր էր։ Նրա եղած որդիներից այժմ մնացել էին երկու աղջիկներ և մի տղա միայն։ Նրա առջինեկը, մեծ աղջիկը, մեռավ մի ցավալի մահով. նա իրան խեղդեց, պարանոցեն կախ ընկնելով փայտանոցի առաստաղից։ Պատճառը մի գաղտնիք էր, որը երևան հանելո՛վ, մենք չենք ուզում վիրավորել անբախտ զոհի հիշատակը... Մեծից փոքրը, երկար ժամանակ սպասելով, բավական պառավելով, երբ նկատեց, որ հայրը իրան մարդու տալու միտք չունի, ծածուկ փախավ հոր գործակատարներից մեկի հետ և գյուղումը պսակվեցավ։ Հայրը անիծեց նրան, բայց շուտով մոռացավ, միայն երբեմն մտաբերում էր այս նախատական բառերով. «այն անզգամը»... Այն օրից աղջիկը բոլորովին զրկված էր հոր տնից, մի քանի անգամ միայն բախտ ունեցավ ծածուկ մտնել հոր տունը մորը տեսնելու համար, որին շատ սիրում էր։ Որդին, Ստեփանը, ավարտել էր գիմնազիայում, հայրը արգելեց նրան համալսարան մտնել, մտածելով թե ուսումը վնասակար բան է, կարող է բոլորովին փչացնել նրան։ Վերադառնաւլով հոր տունը, որդին երկար տարիներ անգործ ման էր գալիս գիմնազիստի համազգեստով, և միշտ թախանձելով հորը, որ իրան կրկին ուղարկե ուսումը շարունակելու։ Հայրը լսել անգամ չէր ուզում և ստիպում էր, որ խանութը մտնե և այնտեղ առևտուր սովորե։ Այստեղից ծագեցան հոր և որդու մեջ անհամաձայնություններ, որ պատճառ տվեցին անվերջ դժգոհությունների։

Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե․ առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն։ Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը։ Բնավորության կողմից նույնպես նման չէին։ Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր։ Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր։ Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր։ Մարմնով արատավորներր միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում։ Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից։

Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ։ Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը,— վերջապես ինչ որ