Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը։

— Ի՞նչպես է, չե՞ս հավանում,— պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ.— տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի[1]։

Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.

— Ես եզն չեմ․․․

Երկու ամուսինները սուր կերպով նայեցան նրա վրա և ոչինչ չպատասխանեցին։

Կալոյին հրամայեցին տանել խոհանոցը և հաց տալ ուտելու։

— Լեզուն երկար է երևում... — նկատեց Մասիսյանը․— կոշտ֊կոպիտ է մեծացել... ջեր վարպետի ապտակ չի կերել... բայց լավ բանվոր է։

— Բանելը յոլա կգնա,— պատասխանեց տիկինը.— աստված աա, գող չլինի։

— Հիմա, իհարկե, չի լի՛նի, հալա նոր է ձվից դուրս թռել․ կամաց-կամաց կսորվի, հետո կգողանա։

— Ես չեմ թողնի, որ սորվի,— ասաց տիկինը։

Մասիսյանը անհավան կերպով գլուխը շարժեց և ծիծաղելով ասաց.

— Դու չես թողնի, բայց նա էլի կսորվի. շատ բան կա, որ մենք արգելում ենք, բայց մարդիկ սովորում են առանց վարժապետի։ Ղազի ճտին որքան արգելես, որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը։ Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը։

Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով։ Նրանց որդին, Ստեփանը, ծնողներից փոքր ինչ հեռու, ածուի մոտ նստած, խոշորացույցով զննում էր մի փոքրիկ միջատ։ Լսելով հոր վերջին խոսքերը, նա մեջ մտավ, ասելով.

— Ղազի ճուտը բնազդում ունի, և դրա համար վազում է դեպի

  1. Խամից դուրս բերել նշանակում է երկրագործական լղարած և ուժից ընկած անասունները ամբողջ ձմեռը ախոռի մեջ պարարտացնելով և կրկին զորացնելով գարնանը դուրս բերել բանացնելու համար։