Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայելը իր բազմաթիվ, և անկապ հարցերով բոլորովին շվարեցրեց ընկերին, և նա չգիտեր, թե որ մեկին պետք է պատասխանել։

— Հորս հետ եմ եկել,— ասաց նա,— պանիր էինք բերել, ծախեցինք, էսօր պիտի գնանք։

— Ի՞նչ ես կերել, առ քեզ քաղաքի յուղով հաց տամ. առավոտյան խանումս (տիկինը) տվեց, չկերա, պահեցի, լավ էր որ քեզ նասիբ եղավ։

Այս ասելով, Միքայելը գրպանից հանեց մի կտոր նազուկ և տվեց ընկերին։ Նա համեղ հացի մի ահագին կտորը ամբողջապես կոխելով բերանը, կիսախեղդ ձայնով ասաց․

— Ի՞նչ լավ հաց է, ամեն օր դրան՞ց ես ուտում, Կալո։

— Ո՞վ կտար, որ ուտեի. էս էլ խանումը թաքուն տվեց, որ աղան չտեսնի,— ասաց Միքայելը վշտալի ձայնով։— Լավ կլիներ, որ ցամաք հացով կշտացնեին, էն էլ չեն տալիս։ Միքայելի աչքերը լցվեցան արտասուքով, բայց նա թաքցրուց իր սրտի ցավը։ Նրա գյուղացի ընկերը հարցրուց.

— Ե՞րբ պիտի գաս գյուղը. գիտե՞ս, Կալո ջան, մեր դութմաները հասել են, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, հերս ոչինչ չէ ասում։ Քո բաժինը կպահեմ, ե՞րբ ես գալու։

— Չեն թողնում, Թունի ջան,— պատասխանեց Միքայելը տխուր ձայնով.— շատ եմ ուզում գալ, տատիս տեսնել, մեր տանը մնալ, բայց չեն թողնում. ասում են՝ «արջի քոթոթ, ձեր ծմակները չե՞ս մոռանում»․․․ Դե ո՞նց մոռանամ, Թունի ջան, ախար էստեղ ի՞նչ կա․․․ հենց տներ են ու տներ... մարդիկը, խո, գյուղացուն էշի տեղ են դնում... թե բերանդ բաց ես անում, խոսում ես, մի լավ ծեծում են...

Թունին հասակով մի քանի տարով մեծ էր Միքայելից, լսելով իր ընկերի խոսքերը, խղճաց նրա դրության վրա և մտածեց օգնել նրան։

— Եկ, ես քեզ կտանեմ գյուղը,— ասաց նա։

— Ի՞նչպես գամ, էնտեղ էլ ապերը (հորեղբայրը) գլխիս կտա, կասի՝ ինչո՞ւ եկար։ Չէ, Թունի ջան,— խոսքը փոխեց նա,— լավն էն է, գնամ, ջուրը ընկնեմ, միանգամով պրծնեմ...

Թունին մխիթարեց նրան, սիրտ տվեց և խոստացավ, թե Ավետ ապորը կասե, որ նրան գյուղը տանե։ Միքայելը ուրախացավ, մանկական բարեսրտությամբ ուզեց իր ընկերին մի բանով վարձատրել։