Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գիտե՞ս, Թունի ջան,— ասաց նա,— լավ միտս եկավ, ես ճաներս (վեգ) խորել էի մեր մարագի դռան տակին, այնտեղ, որ մի քոթուկ (կոճղ) է դրած, կգնաս, կհանես, հարյուր հատից ավել է, ինչքան կուզես, դու վեր առ, մնացածը բաժանիր մեր ընկերներին։ Ես որ չեմ կարողանում խաղալ, դուք էլա խաղացեք։

— Թոմասին բաժին չեմ տա,— ասաց ուրախացած Թունին,— նա լավ տղա չէ, անցյալ օր ինձ հետ կռվեց։

— Նրան էլ տուր, մեր ընկերն է, բարիշեցեք,— խոսեց խրատական կերպով Միքայելը։— Ի՞նչ կա, ընկերը ընկերի հետ կկռվի ու էլի կբարիշի, անցյալ գիշեր ես էլ Պողոսի հետ կռվեցա՝ մահակով խփեցի, գլխիցը արյուն գնաց։

— Պողոսի հե՞տ,— հարցրեց Թունին զարմանալով,— Պողոսը էստեղ ի՞նչ էր շինում։

— Երազումս կռվեցա, Թունի ջան. հենց որ զարթեցի, էնքան լաց էլա, էնքան լաց էլա, որ նրա գլուխը պատռեցի։ Դրուստն ասա, Թունի ջան, նրան խո մի բան չի՞ էլել։

— Ոչինչ չի էլել, երեկ չէ մեկել օրը ինձ հետ խոսում էր, հետո միասին գնացինք իրանց բաղը, ծիրան կերանք։

Երկու փոքրիկ գյուղացիների խոսակցությունը ընդհատեց Թունիի հայրը, որ հեռվից հայտնվելով, կանչեց նրան.

— Էն ո՞ւմ հետ ես խոսում, ե՛կ, գնում ենք։

— Թունի ջան, հիմա որ գնում ես,— ասաց Միքայելը նրա փեշից բռնելով,— տատիս, ապորը, ամենին շատ բարև տար, ասա, որ տեսա Կալոյին։

— Կասեմ,— պատասխանեց Թունին և հեռացավ։

Միքայելը երկար կանգնած նայում էր իր ընկերի ետևից, հանկարծ մտաբերեց, թե բավական ուշացել է, և սկսեց վազել դեպի աղայի տունը։

Ը

Անցավ երեք տարի։

Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել։ Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ» դա մեծ առաջադիմություն է, բայց ո՞րպես հաջողվեցավ։