Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարզիկների մեջ, որոնք պատկանում էր Մասիսյանը։ Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել[1], մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է»,— ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից։ Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ։ Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ։ Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է։ Շատ անգամ ընդհակառակն է պատահում։ Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում... Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն, իսկ ոմանք դժբախտություն են բերում։ Տան այն անդամը, որ իր հետ բախտավորություն է բերում, նրա համար ասում են՝ «տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կապած»... Դա էլ մի տեսակ «ոսկի աքաղաղ» է, որ իր ազդեցությամբ բարիքներ է արտադրում։

Մի կողմ թողնելով այս տեսակ նախապաշարմունքների քննությունը, այսքանը միայն կասենք, որ այն օրից, երբ Միքայելը մտավ Մասիսյանի տունը, նրա գործերը սկսեցին անսպասելի կերպով լավանալ։ Եվ սնահավատ Մասիսյանը չէր կարող չնկատել այդ և դրա համար սկսեց նա հետզհետե լավ աչքով նայել մանուկ գյուղացու վրա։ Եվ այդ էր պատճառը, որ տարավ նրան իր առևտրական խանութը։

Միքայելի դրությունը այժմ մի աստիճան բարձրացել էր. նա տնային ստոր ծառայից դարձել էր «դուքնի աշակերտ»։ Բայց նա այժմ այն չէր, ինչ որ երեք տարի առաջ, այժմ բավական տաշվել և կոփվել էր նա. այժմ նրա մոտ չէին երևում գյուղացու կոպտությունները։

  1. Որպես ձիերը նույնպես շները, կատուները և բոլոր ընտանի անասունները ունեն առանձին նշաններ, որոնցով ճանաչում են նրանց չար կամ բարի ազդեցություն ունենալը տիրոջ բախտի վրա։ Մենք մի օր առիթ կունենանք խոսելու այդ սնահավատությունների մասին, որոնք երևի խորին կապ ունեն մեր հեթանոսական անցյալի հետ