Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց բերած մթերքի գները կտեղեկանար, թեև իրան պետք չէին և գնելու միտք չուներ։ Գյուղացիք միշտ ուրախանում էին, որ այնպիսի մեծ աղա, այնքան բարի էր, որ իրանց մարդի տեղ էր դնում։

Բայց արջը միայն գիտե, թե ինչու է այնքան սիրով պտտվում մեղրի փեթակի շուրջը։ Բավական էր, որ գտներ մի «խամ» գյուղացի, որ ձուկն, նոր կարագ, պանիր կամ հավ էր բերել ծախելու. նրան բոլորովին կհոգնեցներ զանազան խոսքերով, թե նրա «հանգուցյալ» հոր հետ լավ բարեկամ է եղել, թե նրան շատ լավություններ է արել, և ով գիտե, հազար ու մեկ խոստմունքներով առատ-առատ հույսեր կտար, մինչև նրան խելքից կհաներ և ուզած բանը սովորականից մի քանի կոպեկ պակասով կառներ: Մասիսյանը սիրում էր իր տան ամենօրյա պաշարեղենը իր ձեռքով գնել։ «Օտարի ձեռքով միայն լավ է փուշ քաղել»,— այդ էր նրա սովորական առածը։ Մեյդանում իր գործը վերջացնելուց հետո նա ամբողջ ժամերով քարշ կգար մրգավաճառների, մսավաճառների և հացթուխների խանութների առջև և լավ բեռնավորելով Միքայելին, կուղարկեր տուն։

Գալով խանութը, Մասիսյանը նրա դռանը կանգնած և միշտ պատրաստ կգտներ իր աշակերտները։ Առաջ մոմով կնքած փակ կողպեքները ուշադրությամբ կքններ, հետո բանալիները, որ միշտ իր մոտ էր պահում, կտար աշակերտներից մեկին, որ դռները բաց անեին։ Իսկ ինքը երեսը կխաչակնքեր և կմտներ խանութը։ Միքայելը արդեն ծտի նման իր տարած բաները տանը հասցրած և վերադարձած էր լինում: Նա սկսում էր խանութի դռների առջևը ավելով մաքրել, ջուր սրսկել, ապրանքների փոշին թափ տալ և մյուս գործակատարներին օգնել ապրանքները դարսելու և կարգի դնելու։ Որպես հայ վաճառական, Մասիսյանը սովորություն ուներ ամեն առավոտ իր խանութի ապրանքները մի նոր ձևով դարսել տալ, որ «մուշտարու» աչքին ցույց տա, թե նոր ապրանքներ է ստացել։ Այս աշխատությունը փոքր հոգս չէր պատճառում նրա առևտրական տան ծառայողներին։ Բայց մի բան լավ էր, որ նա խանութի լուսամուտների ապակիները երբեք մաքրել չէր տալիս. «Ինչքան դուքանը մութ լինի, այնքան ապրանքը աչքի լավ կերևա»,— ասում էր նա։

Այս գործողություններր կատարվում էին ամեն օր և ամեն առավոտ, միշտ անփոփոխ, միշտ միևնույն եղանակով։ Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտավորություների