Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու։ Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական եղանակին էր հետևում։

Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա իր խանութում երբեք կրակ չէր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը առավոտից մինչև իրիկուն իր խանութումն էր գտնվում։ Ոչ մի դեպք չէր կարող նրան հեռացնել իր սիրելի ապրանքների մոտից։ Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ էր. ոչ ոքի վրա հավատարմություն չուներ, նա մինչև անգամ չէր հավատում իր կնոջը, որդուն և աղջիկներին,— բոլորին գող էր համարում։ Նրա կարծիքով գող չէին միայն գյուղացիները, որովհետև հիմար էին, ոչինչ չէին հասկանում։ Իսկ ով որ խելք ուներ, անպատճառ կգողանար։ Այս էր պատճառը, որ Մասիսյանը սաստիկ հսկողություն ուներ իր խանութի վրա։ Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա, ինչ որ ծախեին իսկույն պետք է փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասայի մեջ։ Նրա կասան նման էր այն փոքրիկ արկղիկներին, որ շատ անգամ կարելի է տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած։ Մի նեղ ծակ միայն բաց է թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ։ Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք։ Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որր ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել։ Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն՝ բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»։ Մասիսյանը ուներ իր զանազան վաճառակական սնահավատությունները։ Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ, ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի։

Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա։ Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած