Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ դեռ երևում էին շինվածքի փայտեղեն մասերը։ Ամեն տեղ նկատվում էր ավերմունք, փլատակներ և անխնամ թողնված շինվածքներ։ Կարծես այդ ողորմելի շինությունների մեջ հարյուր տարուց ավելի մի ուրիշ վարպետ չէր մտել, ոչ մի կարկատան կամ նորոգություն չէր եղել,— ինչ որ մաշվել էր, ինչ որ քանդվել էր, ինչ որ թափվել էր, այնպես էլ մնացել էր։ Իսկ այստեղ բնակվում էր ամբողջ գավառի առաջին հարուստը, քաղաքի գլխավոր աղան։ Այստեղ «ոսկի աքաղաղը» իր հրաշալի զորությամբ ոսկու կույտեր էր դիզում...

Մի փոքր կենդանություն երևում էր պարտեզի մեջ։ Պարտեզը բավական ընդարձակ էր։ Թեև բոլոր ճեմելիքները պատած էին վայրենի կերպով, դա էլ թողած էր անխնամ, թեև աճած բույսերով, բայց հնադարյան ծառերը, դեռ մաքառում էին մահվան հետ, կարծես ասելով՝ «Մենք դեռևս պիտի ապրենք.., մենք մարդու ձեռքերին ավելի կարոտություն չունենք»...

Կյանքը այդ տխուր և անապատացած ավերակների մեջ բոլորովին համապատասխանում էր իր շրջապատին։ Կյանքը սահում էր նույնպես միօրինակ, նույնպես անփոփոխ և նույնպես դատարկ կերպո՛վ, որպես անփոփոխ և դատարկ էր մնացել տան բոլոր շենքը, որ իր վրա ոչ մի նորոգություն չէր ընդունում։ Օրերը, ամիսները, տարիները անցնում էին միմյանց ետևից, շատ բան աշխարհի մեջ փոխվում էր, շատ սովորություններ նոր ձև էին ստանում։ Բայց Մասիսյանի տան կյանքի և ապրուստի ձևերի մեջ ոչինչ նորություն չէր մտնում։ Ավերակների անշարժության հետ տիրում էր և՛ քարացած, և՛մեռած կյանքի անշարժությունը։ Մասիսյանը նույն հայացքն ուներ կյանքի վրա, ինչ հայացք որ ուներ իր տան շենքերի վրա.— ինչ որ հին է, այն նվիրական է, ուրեմն պետք է մնա և անփոփոխ մնա, թեև մաշված լիներ, թեև փտած չիներ։ Նա որպես չէր փոխում այն հնացած և ջարդված դուռը, որի միջով ներս էր մտել և դուրս էր եկել նրա հայրը, պապը և պապի պապը,— այնպես էլ չէր փոխում այն սովորություններից և ոչ մի կետ, որով ապրել էին նրա նախնիքը։

Մասիսյանի ամբողջ ընտանիքը նմանում էր մի բաղադրյալ մեքենայի, որի գլխավոր ճախարակը էր ինքը — աղան։ Նա դեպի որ կողմը և պտտվում էր, բոլորին իր հետ միևնույն ուղղությամբ պտույտ էր տալիս, Վա՜յ նրան, որ ետ կմնար, կհակառակեր․․․ Նա էր ամենի համար կյանքի օրինակելի պատկերը, մնացած բոլորը պետք է հետևեին նրա օրինակին պետք է ուտեին։