Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինձ չե՞ս ծեծի։

— Չեմ ծեծի։

Փոքրիկ Հռիփսիմեն ծիծաղեց և փախավ եղբոր մոտից։

Լինում են րոպեներ, երբ մարդ վրդովված է լինում և աշխատում է բոլորովին երեխայական զվարճություններով իր բարկությունը ցրվել։ Պատանի Ստեփանը այդ դրության մեջն էր նույն ժամում։ Նա ավելի երկար ձգեցավ գորգի վրա և սկսեց նայել դեպի վեր, կարծես ծառերի սոսափյունից աշխատում էր նախագուշակել, թե որպիսի ապագա է սպասում իրան։ Այդ նիհար, մելամաղձոտ պատանին, բավական շնորհալի և համակրական դեմքով, իր հասակից ավելի ծերացած էր երևում։ Նա այժմ տասնևութ տարեկան էր․ մի փոթորկալի հասակ, երբ մանկական կրակը սկսում է բորբոքվել։ Բայց ընդհակառակը, այն աստիճան սառն, այն աստիճան մտամոլոր և լուռումունջ էր նա, որ հենց առաջին տեսքից կարելի էր կարծել, որ մի գաղտնի ցավ ներսից նրան տանջում էր։ Երբեմն նա մոռանում էր իրան, մանավանդ երբ լինում էր մի լավ ընկերության մեջ. այդ միջոցում կարելի էր տեսնել նրան ուրախ, սովորականից ավելի խոսող, առույգ, փայլում էր մանկական ջերմ աշխուժությամբ։

Կարդալով զանազան գրքեր, Ստեփանը շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ, այն տեսակ գաղափարի, որ հրապուրելով մանուկների եռանդը, հափշտակելով նրանց երևակայությունը, շինում է նրանցից մի տեսակ ցնորամիտ էակներ, որոնք թողնելով տոկուն աշխատությունը, դեռ մի հիմնավոր բան չսովորած, դեռ լավ չտիրապետած գիտության որևէ ճյուղին, ընկնում են երևակայությունների ետևից, թե անպատճառ պետք է կատարեն մի մեծ գործ, առանց մտածելու նրա համար առաջուց պատրաստված լինելը։ Դա մի տեսակ հիվանդություն է, որ ընդհատում է մանուկների հառաջադիմությունը և պատրաստում է դատարկամիտ թերուսների մի հասարակություն, որոնք փոխանակ իրանց անպատրաստականությունը ճանաչելու, սկսում են ատել, արհամարհել, պախարակել հասարակական կազմակերպությունը թե նրանց չէին գնահատում, թե նրանց չէին հասկանում, և այս պատճառով նրանք չէին կարողանում անել այն, ինչ որ ցանկանամ էին, ինչ որ ավելի լավ և օգտավետ էր... Բայց Ստեփանը մասամբ զերծ մնաց այդ հիվանդությունից։ Նա դեռևս հասարակության հետ գործ չէր ունեցել և նրան ո՛չ սիրել և ո՛չ էլ ատել կարող էր։ Նա գործ էր ունեցել ընտանիքի հետ, որի մեջ սնվել և որի բռնակալության