Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ երբեք չեն լսել հոր բերնից մի ուրախացուցիչ խոսք, երբեք չեն վայելել նրա գգվանքը, երբեք չեն տեսել նրա ժպիտը, այլ միշտ հանդիպել են սառն, կոշտ, կոպիտ խստության։ Հոր երկյուղը նրանց մեջ միշտ ավելի սաստիկ է եղել, քան երկյուղը սատանայից կամ կատաղած գայլից։

Ստեփանը դեռ պառկած լճակի մոտ, նայում էր ծառերին, Գայանեն և Հռիփսիմեն դեռ խաղում էին այնտեղ, երբ մայրը դուրս եկավ թոնրատնից և մոտենալով նրան, ասաց,— արդյոք կկամենա՞ր մի բան ուտել։

— Ես կուզեի քնել, սաստիկ հոգնած եմ,— պատասխանեց որդին սառն կերպով։

— Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է, դեմքդ սաստիկ փոխվել է,— ասաց մայրը երկյուղով լի ձայնով և նստեց նրա մոտ, աչքերը չէր հեռացնում որդու երեսից։

— Հիվանդ չեմ, թողեք ինձ հանգստանալ։

— Ինչո՞ւ մի բան չես ուտում։

— Ես ճաշել եմ։

Ստեփանը պատմեց, թե գնացել է ճանապարհ գցելու իր ընկերներից մեկին, որ գնում է Պետերբուրգ համալսարան մտնելու, ծանոթները մի այգում ճաշ էին պատրաստել նրա համար, ինքն էլ մասնակից էր այն ուրախությանը, կերան, խմեցին, երգեցին և ուրիշ շատ գժություններ արեցին։

— Քեֆից հետո այսպես տխուր չեն լինում,— նկատեց մայրը ժպտալով։

— Պատահում է... Այս ընկերս ինձանից մի տարով ուշ է ավարտել գիմնազիայում, նա հիմա գնում է շարունակելու իր ուսումը։ Բայց ես դեռ այստեղ եմ։

Վերջին խոսքերը փոխեցին մոր զգացած րոպեական ուրախությունը։

— Բավական է, որդի, թող տուր այդ մտքերը, ինչ որ սովորել ես, այն էլ բավական է,— ասաց մայրը։

Որդին ոչինչ չպատասխանեց և տակավին նայում էր ծառերի վրա, լսում էր նրանց խուլ սոսափյունը, որ առաջ էր գալիս տերևների մեղմիկ շարժվելուց։

Մայրը սկսեց խրատել նրան, թե ուսումը սովորում են բժիշկ, չինովնիկ լինելու համար, կամ մի ուրիշ ծառայություն գտնելու համար, իսկ այդ բոլորը մի կտոր հացի կամ փողի համար է, բայց ինքը, փառք աստծո, փողի կարոտություն չունի, թե նրա հայրը