Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցել, թե նա շատ կցանկանար մեռնել, և միշտ այդ ցանկությունը նրա սրտում եղել է, միայն չէ ուզեցել իր էրեխեքը անտեր և անխնամ թողնել, որովհետև հայրը նրանց վրա չէ մտածում»... Նա իր հույսը դրել է միայն որդու վրա, հիմա որ նրանից էլ զրկվի, ինքը հազիվ կարող է դիմանալ այդ ցավին։

Որդին տեսնում էր մոր խոսքերի մեջ խիստ տխուր ճշմարտություննեը և ոչինչ խոսք չէր գտնում պատասխանելու, միայն ափսոսում էր, որ պատճառ տվեց նրան տխրելու։

Մայրը ավելացրուց, թե հորը այսուհետև փոխել չէր կարելի, թե նա որպես կա, այնպես էլ կմնա, միայն որդին ավելի խելոքություն արած կլիներ, եթե աշխատեր նրա հետ հաշտվել։ Թե հայրը իսկապես վատ սիրտ չուներ դեպի որդին, սիրում է նրան, բայց չէ ուզում իր սերը ցույց տալ, ծածուկ գովում է նրան ուրիշների առջև, բայց որդուն չէ ուզում ցույց տալ, թե ինքը հավանում է նրան։ Եվ այդ բոլորը առաջ են զալիս նրա անձնասիրությունից, որովհետև նա չէր կարող ներել, որ որդին հակառակ է իրան, այլ պահանջում է անպայման հնազանդություն։ Նա ծածուկ գովում էր նրան ուրիշների առջև, որպես գովում է իր ապրանքը, մուշտարուն ցույց տալու ժամանակ, թեև ինքն էլ համոզված է, որ այնքան լավը չէ։ Մորը, իհարկե, ցավեցնում են հոր այս տեսակ վարմունքները, բայց ոչնչով օգնել չէ կարող, միայն խորհուրդ է տալիս թողնել այն բաները, որոնք բոլորովին հաճելի չեն հորը, օրինակ, նա շատ է բարկանում, որ որդին դասեր է տալիս, և այնպիսի մարդկանց տներում, որոնցից ավելի հարուստ գործակատարներ ունի հայրը, և նա որդու այս վարմունքը «խիստ ամոթ է համարում» իր համար։ Ի՞նչ կասեն տեսնողները։ Բացի դրանից հայրը ավելի բարկացած էր այն բանի վրա, որ որդին թատրոնում ինչ-որ «օյինբազություններ» է անում, թե այդ շատ ամոթ էր հոր համար. թե նա աղայի որդի է և պետք է որ «աղավարի պահե իրան, ամեն մարդու հետ չխոսե, ամեն մարդու բարև չտա, ամեն մարդու տուն չմտնի, միշտ իրան ծանր պահե, որ տեսնողը ասե՝ ի՞նչ շնորհքով տղա ունի Մասիսյանը...»։

— Այդ բոլորը դատարկ խոսքեր են,— պատասխանեց որդին,— իսկ ինչ որ վերաբերում է իմ մասնավոր դասատվություններին, այդ նրա համար է, որ մի քանի մանեթ ձեռք ձգեմ ճանապարհի ծախսի համար։ Իսկ այն ներկայացումը, որ տվեցինք, և որի պատճառով ես բեմ դուրս եկա, սիրողների ներկայացում էր, հօգուտ այն ուսանողի, որին այսօր ճանապարհ դրեցինք։