Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԲ

Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գործածության բոլոր խաբեական ձևերը։ Մասիսյանը հիշյալ սերունդի մնացորդներից էր, որ պարսից իշխանությունը այն երկրից անցնելեն հետո, նոր տիրապետողի նոր քաղաքակրթությունը ամենևին չկարողացավ փոխել նրան։ Հագուստը մինչև անգամ մնացել էր միևնույնը, որպես հագնում էին պարսիկների ժամանակ հայ «խոջաները». միևնույն ղաբան, որ հասնում էր մինչև ոտները, միևնույն արխալուղը, որ կարճ չէր ղաբայից, միևնույն լայն շալվարը՝ կապույտ կտավից կարած, և միևնույն քոշերը։ Գլուխը նույնպես մշտապես ծածկված էր բուխարայի սև մորթից պատրաստած քառանկյունի տափակ գդակով, որի նմանը մինչև այսօր կարելի է տեսնել գյուղացի տերտերների գլխին։ Բոլոր եղանակներում թե՛ ամառը և թե՛ ձմեռը, նրա հագուստը միևնույնն էր։ Նա ուներ մի ձեռք հագուստ միայն, որ շարունակ հագնում էր և փոխում էր այն ժամանակ միայն, երբ բոլորովին մաշվում էր, բայց ե՞րբ էր փոխում, այդ դժվար է որոշել, որովհետև նրա վրա նոր հագուստ երբեք չէր կարելի տեսնել։

Ինքը Պետրոս Մասիսյանը միջահասակ մարդ էր, հաստլիկ, կլորիկ, փորը դուրս ընկած, գլուխը դեպի ետ թեքված, որ կարծել էր տալիս, թե ահա՛, ահա հենց իսկույն կընկնի քամակի վրա։ Դեմքը կատարյալ գազանային արտահայտություն ուներ, ածելած թշերը նույնպես ուռած և կախված էին, որպես փորը, վիզը կարճ էր, իսկ խորամանկ աչքերը խրված էին թավ հոնքերի