Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական մաքուր պահված հագուստով, և պահանջում էր մի գումար բամբակի առևտուրի մեջ գործ դնելու համար։ Դա այն անհաջողակ թշվառներից մեկն էր, որ կյանքի մեջ իր արդարության և ճշմարտասիրության զոհ է դառնում և չկարողանալով մաքառել տիրող անուղղության հետ, ամեն գործի մեջ խաբվում է։ Որովհետև երբ կյանքի մեջ մարդկանց հարաբերությունները ապականված են լինում, այն ժամանակ բարոյական խելքը կորցնում է իր նշանակությունը, երբ ավելի խորամանկության և խաբեբայության պահանջ կար։ Այս տեսակ մարդիկ միշտ գանգատվում են բախտի վրա, բայց միևնույն ժամանակ հույսն էլ ձեռքից չեն թողնում, թե մի օր հարստանալու են, ամեն գործի մեջ խրվում են, ամեն բան փորձում են, բայց միշտ անիրավ բախտը նրանց հակառակում է...

Պարոնը ընտրել էր երեկոն Մասիսյանի հետ տեսնվելու համար և եկել էր նրա տունը, որովհետև խանութում նրա հետ երկար խոսել չէր կարելի։ Ադան միշտ քաղաքավարի էր դեպի այս տեսակ հյուրերը, մանավանդ երբ իմանում էր, թե փողի համար են եկել։

Մասիսյանը մենակ էր իր սենյակում, ծալապատիկ նստել էր թախտի վրա, նեղ լուսամուտի հանդեպ, որ մի փոքր զովանա խեղդող տոթից։ Նրա մոտ դրած էր մի մեծ ամանով ջուր, սառույցը մեջը ձգած, որից շուտ-շուտ խմում էր։ Թեյ խմելու սովորություն չուներ, և տան մնացած անդամները խմում էին կամ գաղտնի, կամ երբ մի պատվելի հյուր էր պատահում։ Նա նստել էր մի մաշված խալիչայի կտորի վրա համարյա թե կիսամերկ դրության մեջ։ Հագին ուներ արխալուղը միայն, որի կոճակները արձակած էին, և շապկի բացված օձիքից երևում էր թավամազ կուրծքը։ Շալվարը և գուլպաները նույնպես հանել էր, և մերկ ոտները մինչև սրունքները բաց էին։ Միայն թանձր մորթե գդակը նա գլխին ուներ, որ հին մարդերի սովորությամբ, երբեք չէր առնում գլխից, մինչև անգամ եկեղեցում եղած ժամանակ։ Սենյակում մութն էր, երբ անծանոթը ներս մտավ, նա հրամայեց ճրագ վառել։

Անծանոթը, գտնելով աղային մի ծիծաղելի դրության մեջ, մտածեց արդարացնել նրա անքաղաքավարությունը, և սկսեց եղանակից։

— Տոթից խեղդվում է մարդ, ամենևին քամի չէ փչում, դուք լավ եք արել, այսպիսով կարելի է հաղթել տաքությանը։

— Է՜հ, որդի, (Մասիսյանը ամեն մարդու որդի էր կոչում, ինչ հասակում և լիներ նա) պետք է շնորհակալ լինել աստծուց, եթե ամառվա տոթը չլիներ, գարնան պատիվը չէինք հասկանա,