Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե ձմեռվա ցուրտը չլիներ, աշնան պատիվը չէինք հասկանա։ Աստված ամեն բան և՛ լավ, և՛ վատ է ստեղծել, և՛ չար, և՛ բարի է արել. գիշերվա խավարի դեմ ցերեկվա լույսն է ստեղծել, այնպես էլ մեկին աղքատ է արել, մյուսին, հարուստ. եթե աղքատությունը չլիներ, փողի պատիվը չէինք հասկանա։

Մասիսյանի բոլոր դատողությունների մեջ վերջին խոսքը փողի վրա էր լինում։ Անծանոթը, որ իրան խիստ նեղված էր զգում, փողի անունը մեջ գալով, հայտնեց իր խնդիրքը։ Մասիսյանը թողեց խրատները և նրա դեմքը ավելի գործնական և սառն արտահայտություն ստացավ։

— Դու ուզում ես բամբակի առևտուր անել (հա, նա դուքով երբեք չէր խոսում, ում հետ և լիներ)։ Ասա, տեսնեմ, ի՞նչ գիտես այդ առևտուրի մասին։ Անծանոթը պատմեց, թե բամբակի վաճառականությունը բավական ծանոթ էր իրան, թե Ամերիկայի պատերազմի ժամանակ (ստրուկների ազատության մասին) շատ փող վաստակեց բամբակից, բայց հետո կորցրեց, իսկ այժմ ցանկանում էր կրկին փորձել իր բախտը։

— Առևտուրը բախտի բան չէ, խելքի բան է,— պատասխանեց Մասիսյանը գործագետ մարդու նախատեսությամբ,— դու էն ասա՛, թե ի՞նչպես պետք է բանացնես իմ փողերը։

Անծանոթը հայտնեց, թե այդ գործի մեջ ինքը բավական հմտություններ ունի և հուսով է, որ աղայից վեր առած փողը իր փորձված ձեռքում մեծ օգուտներ կբերե, և ավելացրուց, թե իրան ծանոթ է Ե... գավառի գյուղերի մեծ մասը, ուր պարապում են բամբակի մշակությամբ, թե յուրաքանչյուր գյուղում գտնվում են փոքրիկ դրամատերեր տեղացիներից, որոնք հավաքում են իրանց դրացիների արդյունաբերած բամբակը, և այսպիսով բերքը ամբարվում է մի մարդու ձեռքում, և այս վերջիններից հեշտ է բավական քանակությամբ գնել, բերել քաղաքը և ծախել մեծ վաճառականներին։ Եվ այսպիսով ինքը միջնորդի դեր կկատարե գյուղացի մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ և մի տարվա ընթացքում կարող է իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն։

— Տեսնում ես, որ ոչինչ չես հասկացել,— ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողութան մասին։

Թե գյուղացի մանր դրամատերերից — «չարչիներից» — որպես