Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդական ձեռքերից բամբակ գնելը և վաճառելը չէր կարող շահավետ լինել, որովհետև այդ խաբեբա «չարչիները» իրանք «հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»։ Ով որ կամենում է բամբակից օգտվել, պետք է ինքը անմիջական հարաբերություն ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն՝ անե այն, ինչ որ «չարչին» է անում։

— Դա խիստ ձանձրալի և միանգամայն դժվար գործ է՝ ռամիկ և հիմար գյուղացու հետ առևտուր անել,— պատասխանեց անծանոթը։

— Դու շատ միամիտ մարդ ես երևում, էլ չեմ ասում, թե խելքդ պակաս է,— ասաց աղան մի փոքր վրդովված ձայնով.— տո, ողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք է դուրս բերել, սատանա «չարչիից» ի՞նչ կարող ես վաստակել։

Պետք է նկատել, որ սատանա բառը Մասիսյանի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ, սատանա ասելով նա հասկանում էր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ ունեցող մարդ։ Ով որ սատանա չէր, նրա կարծիքով հիմար էր, ոչինչ բանի պետք չէր։ Մասիսյանը սովորություն ուներ երկար խոսելու, և եթե մեկի խնդիրքը մերժում էր և փող չէր տալիս, գոնյա իր «բարի խրատները» չէր խնայում նրանից։ Նա սկսեց ծանոթացնել պարոնին բամբակի վաճառականության օգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս է իր խանութից այնպիսի վաճառելի մթերք, որ գյուղացիների համար պետք են, օրինակ, էժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրուքեղեն, կնիկների զարդարանքի համար հուլունքներ և դրանց նման բաներ։ Այս տեսակ ապրանքը ավելի օգտավետ էր, քան թե զուտ փողը բամբակի հետ փոխելու համար. միայն պետք է ճարպիկություն ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և պահանջների հետ ծանոթ լինել։ Գյուղացին ջիբումը փող չունի, միշտ «նիսիա» է նրա առևտուրը, բայց պետք չէ վախենալ, ինչ ապրանք որ ուզելու լինի, պետք է ասել, նա իր «հոգու պարտքը» կվճարե, ուրիշի փողը չի ուտի։ Բանը նրանում է, որ գյուղացին հենց պարտքի վճարելու ժամանակ էլ «նաղդ» փող չի տա, այլ կտա հում բերք, որ արդյունաբերել է իր տնտեսությունից, օրինակ, եթե նա բամբակի մշակություն ունի, պարտքի փոխարեն