Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բամբակ կտա։ Հիմա վաճառականի խելքիցն (այսինքն՝ սատանայությունիցն) է կախված, թե նա, օրինակ, չիթը ինչ գնով կարող է խցկել գյուղացուն և նրա արժեքի փոխարեն քանի՞ ֆունտ կամ պուդ բամբակ կպարտավորացնե, որ վճարե իր ժամանակին։ Այս տեսակ առևտուրի մեջ կարելի է «երկու գլխիցն էլ» շահվել,— մեկը չթից, որ գյուղացին, փող չունենալով, ստիպված է անհամեմատ թանկ գնով առնել, մյուսը՝ բամբակից, որ դեռևս պատրաստ չլինելով, գյուղացին ստիպված է խիստ էժան գնով գնահատել։ Որովհետև բամբակը մի մեծ արժեք չունի գյուղացու աչքում, երբ դեռ նոր էր սերմանված կամ դեռ չէր հասունացել և կամ դեռ չէր հավաքված։ Նա վաճառում է իր աշխատության պտուղը, որ պիտի ստանա ժամանակով. իսկ գյուղացու աշխատությունը միշտ կարելի է էժան գնահատել, երբ նա փողի կամ կենսական անհրաժեշտ պետքերի կարոտություն ունի։

Անծանոթը լսում էր առանց ընդմիջելու աղայի խոսքերը, վերջապես ասաց նա.

— Այդ ձեր պատմածը առևտուրի միևնույն ձևն է, ինչ որ գործ են դնում «չարչիները»։

— Հա՜, միևնույնն է, դրանց մեջն է գլխավոր շահը. գիտե՜ս, մի ուրիշ բան էլ ասեմ քեզ. մեծ զանազանություն կա քարի և կշեռքի մեջ, պետք է այդ բանում շատ վարպետ լինել։ Գյուղերում երկաթից ձուլված կշեռքի քարեր չկան, այլ գործ են ածում հասարակ քարեր միայն, դու պետք է ունենաս քո առանձին ֆունտանոց քարը, կարող է դա մի կտոր աղյուս լինել, իհարկե, մի փոքր ծանր, քան թե լինում է ընդունված երկաթե ֆունտանոցը, գյուղացին շատ չի հետաքրքրվում գիտենալ՝ արդյոք քարը ուղիղ էր, թե ծուռն, և եթե քո աղյուսի կտորը լիներ, օրինակ, 1¼ ֆունտ, և դու գործ ածեիր նրան մի ֆունտի տեղ, այն ժամանակ մեկ փթի մեջ կստանայիր 10 ֆունտով ավելի բամբակ։ Հասկանում ես, այսպիսով մեծ զանազանություն կանե, եթե մի քանի հազար փութ հավաքելու լինես։

— Դա խո... դա խո...

— Ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ դա գողություն է, անիրավություն է, դա խաբեբայություն է, է՞դ ես ուզում ասել։ Ի՜նչ գողություն, երբ բոլոր բամբակ գնողներն այդպես են վարվում. երբ դու միևնույնը չանես, չես կարող նրանց հետ մրցություն անել. դու կսնանկանաս։

Անծանոթը ոչինչ չխոսեց։