Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստված նրա ճակատին գրել է, որ այս հիվանդությունով մեռնի, այն ժամանակ հազար բժիշկ գալու լինի, ոչինչ ճար անել չէ կարելի. բայց եթե նրա «աջալը» (օրհասը) չի կատարվել, սարիցն էլ ցած գլորես, էլի չի մեռնի։ Բժիշկը էլ ի՞նչ բանի է պետք։

Կինը սկսեց դարձյալ աղաչել նրան, թե պետք է հրավիրել բժշկին, թե բոլոր աշխարհը հիմար չէր, որ հիվանդության ժամանակ դիմում են բժշկին։ Աղան չհամոզվեցավ։ Անծանոթ պարոնը անգամ, որ զարմանալով լսում էր այդ խոսակցությունը, խորհուրդ տվեց դիմել բժշկին։ Աղան դարձյալ չհամոզվեցավ և առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին, ասաց կնոջը.

— Թե բժիշկ ես ուզում, էդ հիվանդության բժիշկը ես եմ. գնա՛, մի քանի գլուխ սոխ լավ խորովիր, վրան աղ ածիր, տուր թող ուտե, կուրծքը կփափկացնե, էլ չի հազա։ Դու չես՞ իմանում, որ ես հազալիս միշտ էդպես եմ անում։

— Քո հազը ուրիշ է, նրանը ուրիշ,— պատասխանեց կինը։

— Տո, ինձ բա՛ն ես սովորացնում, ի՞նչպես թե ուրիշ է, հազը հազ է. հազով մարդ չի մեռնի, քսան տարուց ավելի է, որ ես հազում եմ, ինչո՞ւ չեմ մեռնում։

Դարձյալ «ես», դարձյալ իր «եսի» կետիցն էր նայում աղան իր դսեր հիվանդության վրա, երբ հազը նրա «եսին» վնաս չէր տալիս և խորոված սոխ ուտելով հանգստանում էր, ուրեմն դստեր համար ի՞նչ իրավունք ունեին ուրիշ դարմանների վրա մտածելու. երբ հազից նա չէր մեռնում, աղջիկն էլ իրավունք չուներ մեռնելու․․․

Տիկինը գիտենալով իր ամուսնու համառությունը, առանց երկար խոսելու, թողեց նրան և վշտացած դուրս եկավ։ Նա իմացավ, որ Ստեփանը արդեն գնացել էր բժշկին բերելու. այժմ ողորմելի կինը մտածում էր ոչ այնքան դստեր մահվան մասին, որքան այն խռովության մասին, որ պիտի կատարվեր բժշկի պատճառով։

Կնոջ դուրս գնալուց հետո կրկին վերադարձավ Մասիսյանի սրտի խաղաղությունը, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին իր սովորական սառն և հանգիստ տրամադրության մեջ նա դարձավ դեպի անծանոթ պարոնը և ասաց նրան.

— Ճշմարիտ են ասել, որ «կնոջ ծամը երկար կլինի, բայց խելքը — կարճ», ոչինչ չես կարող հասկացնել դրանց։

Անծանոթը ոչինչ չխոսեց։

— Սատանայի պես եկավ, մեր խոսակցությունը կտրեց,—ասաց աղան։— Ինչ էինք խոսո՞ւմ։