Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք խոսում էիք, թե ինչպես պետք է 1¼ ֆունտի ծանրություն ունեցող աղյուսի կտորը գործածել մեկ ֆունտի տեղ բամբակ գնելու ժամանակ։

— Հա՛, այդ էի ասում, հիմա քեզ մի բան պատմեմ։

Նա պատմեց, թե ինքը մի ժամանակ մետաքսի առևտուր ուներ Նուխի, Կախի և առհասարակ Լեզգիստանի կողմերում․ ժողովուրդը այն աստիճան միամիտ և անփույթ էր, որ ամենևին հասկացողություն չուներ չափերի կամ կշիռների վրա։ Այն ժամանակը մի պտղաբեր ժամանակ էր, և ինքը այն ժամանակ կարողացավ դնել իր հարստության հիմքը։ Բայց հիմա... հիմա բոլորն էլ «սատանայացել» էին... Գնում էր գյուղերում մետաքս հավաքելու, մետաքսը այն ժամանակ նույն արժեքն ուներ, ինչ որ ունի այժմ բամբակը։ Ինքը ուներ մի հրաշալի կշեռք, որ միշտ իր հետ էր ման ածում, որովհետև գյուղացիների մոտ կշեռք գտնել դժվար էր։ Կշեռքը իսկապես մի հասարակ կշեռք էր, փայտյա լծակով, հարդից հյուսած թաթերով (նժար), որ կախված էր հին լծակից կաշուց շինված փոկերով, բայց նա ուներ իր մեջ մի գաղտնիք, որ, օրինակ, չորս ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի էր նրա մեջ երկու ֆունտ ծանրություն ունեցող քարի հետ հավասարացնել։ Այդ գաղտնիքը գտնվում էր կշեռքի լեզվակի մեջ, որից բռնում և կշռում են։ Լեզվակը այնպես էր հարմարեցրած լծակին, որ եթե ձեռքդ դեպի քարի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ թեթև կգար, իսկ եթե ձեռքդ դեպի մետաքսի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ ծանր կգար։ Ուրեմն գնողի կամքիցն էր կախված իր կշեռքը այնպես գործ ածել, որ միշտ օգուտը իր կողմը մնար։ Դա մի հրաշալի կշեռք էր․ մի ագուլեցի զոկ քանի-քանի անգամ հինգ հարյուր ռուբլի էր տվել, որ տաներ այն կշեռքը, և պատրաստ էր հազար էլ տալու, բայց Մասիսյանը չէր ծախել և մինչև այսօր էլ պահում էր իր մոտ և միշտ կպահե որպես մի սրբություն, որովհետև նրանից շատ «խեր» էր տեսել...

Վերջացնելով իր կախարդական կշեռքի պատմությունը, Մասիսյանը սկսեց բացատրել քարերի որպիսությունը, որ այն ժամանակ գործ էին ածվում որպես չափ։ Կշեռքի որոշված քարեր կամ չափեր չկային, ասում էր նա, այլ քսան հատ ռուսաց արծաթյա ամբողջ ռուբլիանոց մանեթների ծանրությունը համարվում էր մի ընդունված չափ, և ինքը միշտ ընտրում էր Եկատերինայի ժամանակից մնացած ահագին մանեթները և նրանցով էր կազմում իր կշեռքի ծանրության չափը։ Ահա այն ժամանակն էին առատ հունձքի