Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիները... մի զոկի համար պատմում էին, թե շատ տեղերում իր աջ ոտն էր գործածում որպես չափ․ դնում էր կշեռքի մեկ թաթի մեջ, իսկ մյուսումը մետաքս էր ածել տալիս, ասում էր, թե ոտս 5 ֆունտի ծանրություն ունի, և հուպ էր տալիս ոտը, որքան ուժ ուներ, և 5 ֆունտի տեղ 10 ֆունտից ավելի մետաքս էր կշռում․․․ և զոկերը այն ժամանակ հարստացան... հիմա ո՞ւր են այն ժամանակները... գնա՜ցին... էլ ետ չեն գա... ով խելք ուներ, իր բեռը բեռնեց... ով խելք չուներ, մնաց քաղցած...

Մասիսյանը պատմում էր այդ ամենը այնպիսի մի հասարակ կերպով, կարծես թե խոսում էր բոլորովին սովորական մի բանի վրա։ Նա երանություն էր տալիս անցյալ ժամանակներին, երբ մարդիկ միամիտ էին, երբ կարելի էր խաբել նրանց... Անծանոթ պարոնը լսում էր նրան, երբեմն գլուխը շարժելով, վերջապես ձանձրացավ նա և վեր կենալով ասաց.

— Մնաք բարյավ։

Նա հեռացավ և նրա ետևից Մայիսյանը ասաց.

— «Ավանա՜կ»...

— «Ավազա՜կ»...— կրկնեց իր մտքումը անծանոթը և անհետացավ փողոցների խավարի մեջ։

ԺԳ

«Լավ է տան շունը լինել, քան թե տան պստիկը»․ ամեն ինչ նրան են հրամայում, ամեն բան նրան են անել տալիս, թե՛ տիկինը, թե՛ աղան, թե՛ ծառան և թե՛ աղախինը բոլորը նրան գործի են դնում։

Այն օրից, որ Միքայելը դուքնի աշակերտ դարձավ, թեև նրա դրությունը մի աստիճան բարձրացավ, բայց նրա աշխատությունները ավելի և ավելի անտանելի դարձան։ Խեղճ տղան մի րոպե ևս հանգստություն չուներ, նա պետք է և՛ տանը ծառայեր, և՛ խանութումը։ Առավոտյան դեռ բոլորը քնած, դեռ արևը չծագած, նա ոտքի վրա էր, սամովարը կրակ էր գցում, ամենի կոշիկները սրբում էր, բակը ավելում էր, այդ բավական չէր, պետք էր և ջրով սրսկել, որ նա վեր էր առնում բակից անցնող առվակից։ Ա՜խ, այդ բակի մաքրելը ամեն առավոտ նրա համար մի ահագին տանջանք էր․ փոշին, կարծես, մաղվում էր խարխուլ և տրորված պատերից, իսկ