Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի անգամ գիշերից բավական անցել էր, Մասիսյանի դատարկ տան մեջ տիրում էր խորին անապատական լռություն։ Ամեն տեղ մութն էր, միայն Միքայելի խուղի մեջ դեռ լույս էր երևում։ Նույն միջոցին մեկը ման էր գալիս պարտեզի մեջ և այնքան հանդարտ կերպով, կարծես զգուշանում էր, որ քայլերի խշխշոցը լսելի չլինի։ Անցնելով Միքայելի խուղի մոտից, նա նկատեց լույսի նեղ շառավիղը, որ դռնից դուրս ցոլանալով, տարածվել էր գետնի վրա։ Նա գլուխը կռացրուց և ներս մտավ։ Միքայելը պառկած էր իր հասիրի վրա և ձեռքը նեցուկ տալով երեսին, գլուխը վեր էր բարձրացրել բարձից։ Նրա աչքերը նայում էին, բայց նա ամենևին չշարժվեցավ և կարծես չնկատեց, որ մեկը մտավ իր մոտ։ Նա գտնվում էր մի այնպիսի ինքնանմոռացության մեջ, երբ միտքը դադարում էր գործելուց, և հոգնած անգամների վրա տիրում էր մի տեսակ մեռելային թմրություն։ Նրա մոտ բաց դրած էր իր դասագիրքը։

— Է՜յ... հե՛յ... դեսը քշե՛ գառները, դեսը...— բացականչեց կիսաքուն Միքայելը։

— Խե՜ղճ տղա, նա երբեք իր գառները մոռանալ կարող չէ,— ասաց ներս մտնող պատանին։

Դա Ստեփանն էր։

Նա իր սովորության համեմատ եկել էր Միքայելի հետ պարապելու, նրա դասերին նայելու։ Բարեսիրտ պատանին այս և այն կողմ մտիկ տվեց, որ մի հարմար տեղ գտնե նստելու և նստեց բամբակ գզելու ջարդված մեքենայի վրա։ Միքայելը դեռ անշարժ, նույն դրության մեջ պառկած էր։ Պատանին ձեռքով կամաց խթեց նրան, որ զարթնի։

— Խփի՛ր, խփի՛ր... թեկուզ սպանես, էլի ոչինչ չեմ ասի...— գոչեց Միքայելը։

— Նա զառանցության մեջ է,— խոսեց Ստեփանը։— Խե՜ղճ տղա, տեսնես ինչ է պատահել։

— Այդ ես եմ, Միքայել, զարթիր։

Միքայելը գլուխը բարձրացրեց և նստեց։

— Դու դարձյալ այդպես անհո՞գ կերպով ես քնած, հազար անգամ քեզ ասել եմ, որ կհիվանդանաս,— խոսեց Ստեփանը կարեկցությամբ նայելով, թե որպես նա պառկած էր մերկ հասիրի վրա։

— Ա՜խ, ու՞ր էր, որ հիվանդանայի... որ մեռնեի...— մրմնջաց փոքրիկ սպասավորը ողորմելի ձայնով և սկսեց հեկեկալ։