Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատանին աշխատում էր հանգստացնել նրան, խրատելով, որ այսպես բան չանե, թեև իրան լավ հայտնի էր նրա վիճակի դառնությունը, թեև ինքը գիտեր իր հոր անգթությունը, բայց փախչելը ոչինչ նպատակի չէր հասցնի, որովհետև նրան կրկին ետ կբերեն և ավելի խստությամբ կսկսի վարվել, որպես այդ պատահել էր մի քանի անգամ։ Որովհետև Միքայելը մի տեսակ ստրուկ էր, մի տեսակ գրավական էր այն փողի փոխարեն, որ նրա հորեղբայրը պարտական էր աղային։ Թե պետք էր առաջ մտածել, որ այս պարտքից ազատվեր նրա հորեղբայրը, այնուհետև Միքայելի ազատությունը կհեշտանար։ Եվ ինքը, Ստեփանը, հույս ունի, որ շուտով իր միջոցները կներեն օգնելու նրա հորեղբորը, միայն մտածում է, թե Միքայելը իրանց տնից դուրս գալուց հետո ինչ գործով պիտի պարապվեր, որովհետև չէր ցանկանում, որ նա կրկին վերադառնար իր հայրենական տունը և գյուղական կյանք վարեր, այլ համոզված էր, որ եթե նա օրինավոր կրթություն ստանար, կարող էր ժամանակավոր մի նշանավոր մարդ դառնալ։

Բարեսիրտ պատանու խրատները, որքան և ազնիվ զգացմունքից բխած, որքան և մարդասիրական լինեին — դարձյալ այն րոպեում չէին կարող ազդել Միքայելի վրա, որ միայն իր վերքերի ցավն էր զգում, խորհելու և մտածելու ընդունակությունը կորցրել էր։

— Չէ՛,— ասաց նա,— ինչ որ էլ պատահելու լինի, կփախչեմ, գլուխս մի տեղ կթաքցնեմ, էլ չեմ գնա մեր գյուղը, որ այնտեղից ետ բերեն, կկորչեմ մի ուրիշ տեղ...

Ստեփանին ավելի վախեցնում էր փոքրիկ Միքայելի հուսահատությունը և ծանոթ լինելով նրա համարձակ և անվեհեր բնավորությանը, կասկածում էր, մի՛ գուցե խեղճ տղան մի փորձանքի մեջ գցեր իր անձը։ Բայց չգիտեր, թե ինչ պետք էր անել։ Երկու վիճակակիցներ—մեկը որդի, մյուսը սպասավոր—շատ լավ հասկանում էին միմյանց դրությունը, բայց որդին ավելի դժբախտ էր, քան թե սպասավորը, որովհետև ավելի զարգացած լինելով, նրա վրա ավելի սաստիկ ազդում էր բռնության կոպտությունը. բայց սպասավորի վրա րոպեական տպավորություն ուներ, և նրա մարմնի կապույտ ուռուցքների բժշկվելու հետ գուցե կանցներ և սրտի կսկիծը։

Ստեփանը երկար նստած բամբակի ջարդված մեքենայի վրա, խրատում էր, մխիթարում էր դժբախտին, որին նա շատ սիրում էր, գտնելով նրա մեջ այնքան լավ հատկություններ, որ գուցե պիտի