Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փչանային, պիտի աղավաղվեին այն ապականված մթնոլորտի մեջ, ուր նրան ձգել էր վիճակը։ Նա խոսում էր խիստ տաք և ոգևորված կերպով, թե ինքը հավատացած է թե Միքայելը կհետևի իր խրատներին, չի հեռանա, այլ կմնա և կսովորի այն բոլորը, ինչ որ ինքը ցանկանում է նրան սովորացնել և ժամանակով լավ մարդ կդառնա։ Միայն պետք է համբերել, պետք է դիմանալ, և գլխավորը՝ պետք է աշխատել։ Ձիթային ճրագի աղոտ լույսը, ընկնելով եռանդոտ պատանու գունաթափ դեմքի վրա, տալիս էր նրա երեսի գեղեցիկ գծագրությանը մի առանձին վայելչություն։ Նա խոսում էր առանց դադարելու, շուտ-շուտ ուղղելով գլխի խիտ մազերը, որ թափվում էին ընդարձակ ճակատի վրա։

Կարդալով և շատ կարդալով զանազան գրքեր, նրա գլխում խիստ շուտ ձևակերպվեցավ այն ընկերական լուսավոր գաղափարը, որ լցնում է մարդու սիրտը մի սրբազան զգացմունքով՝ սիրել, կարեկցել և օգնել նեղյալներին, վշտացածներին, հարստահարվածներին։ Դառնալով հոր տունը, այնտեղ գտավ անախորժություններ և զզվանք միայն, մոր մշտահոս արտասուքը և քույրերի ճնշված վիճակը տեսավ։ Տեսավ մի հայր, որ որպես խավարեցնում էր ընտանիքի բարօրությունը, որպես զրկում էր նրան ամեն վայելչություններից, որը որպես իր տունը շինել էր մի կատարյալ դժոխք, այնպես էլ իր առևտրական տունը դարձրել էր կատարյալ ավազականոց։ Եվ զարմանալին այն էր, որ նրա հայրը, այդ հին ավազակը, նայում էր իր որդու վրա, որպես մի գողի վրա և թույլ չէր տալիս մինչև անգամ իր խանութը մտնելու։ Այդ մարդը, որ այնքան համակրում էր գողերին և խաբեբաներին, նույնը կասկածում էր իր որդու մասին, որը բոլորովին հեռու էր այս տեսակ ախտերից։ Այդ մի անբացատրելի հակասություն էր։ Գողությունը, խաբեությունը նրա կարծիքով պախարակելի չէին լինի, եթե որդին գողանար ուրիշից, բայց երբ հոր փողերը ծախսում էր, առանց աշխատելու նրանց տեղը կրկնապատիկ լցնել,— դա գողություն էր։

Բարեսիրտ պատանին երջացնելով իր խրատները, խորհուրդ տվեց Միքայելին չպառկել հասիրի վրա, թե գետնի խոնավությունից կարող էր ավելի հիվանդանալ նա, և խոստացավ, թե առավոտյան կտանե նրան բժշկի մոտ և մարմնի ծեծված տեղերը դարմանել կտա։

— Չէ, չեմ ուզի,— ձայն տվեց Միքայելը,— եթե աղան գիտենա, մի ղալմաղալ էլ դրա վրա կսարքե, ինչպես որ արեց, երբ Գայանեի համար բժիշկ բերեցիք։