Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայելի երկյուղը մասամբ իրավացի էր. աղան ահագին փոթորիկ բարձրացրեց, երբ առավոտյան իմացավ, թե Գայանեի համար բժիշկ էին բերել, և մինչև անգամ մարդ ուղարկեց, իմացում տվեց բժշկին, որ «չհամարձակվի» մյուս անգամ իր տունը մտնել։

— Այդ ոչինչ,— պատասխանեց Ստեփանը,— ես այնպես կսարքեմ, որ նա չի իմանա։ Բայց հիմա պետք է քեզ համար մի մահճակալ պատրաստել։

Ստեփանը սկսեց քրքրել «խորթանոցի» մեջ ածած ափուր-չփուր բաները և գտավ մի կոտրած դռան կտոր, որի երկու տախտակներն էին մնացել, տախտակների մի ծայրը դրեց բամբակի մեքենայի վրա, իսկ մյուս ծայրը ամրացրեց պատուհանի մեջ. մահճակալը արդեն պատրաստ էր։

— Ահա դրա վրա կքնես այսուհետև,— ասաց նա Միքայելին։

— Բայց երբ աղան տեսնե՞,— հարցրուց Միքայելը վախկոտ ձայնով.— նա ասել է, որ այդ բաներին ձեռք չտամ, ոչ մեկը տեղից չշարժեմ։

— Առավոտյան կրկին իրանց տեղը կդնես, իսկ գիշերները այսպես կսարքես քեզ համար, հիմա խո սովորեցար... Դե, բարի գիշեր։

Պատանին հեռացավ։

ԺԴ

Անցավ երեք տարի ևս։

Միքայելը այժմ մեծացել, բավական շնորհալի տղա էր դարձել, բայց նրա վիճակի մեջ մի առանձին փոփոխություն չէր եղել։ Մոտավորապես հինգ տարի կլիներ, որ նա ծառայում էր Մասիսյանի թե՛ տանը և թե՛ խանութում, և ամենալավ գործակատարներից մեկը կարելի էր համարել նրան, բայց տակավին ոչինչ վարձատրություն չէր գտել, թեև նրա հորեղբորը, Ավետ ապորը, խոստացել էին, թե խանութի աշակերտ դառնալուց հետո ռոճիկ կնշանակեն։ Միքայելին դեռ անընդունակ էին համարում շատ բաների մեջ. նա երբեք չէր կարողանում սովորել, թե որպես պետք է հասկանալ «լավը» և որպես պետք էր հասկանալ «վատը»։ Վաճառականները առանձին նշանախոսություններ ունեն, որպես ավազակները ունեն արգոթյան լեզու։