Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ անգամ ասել էր իր ամուսնին, որ մի նոր սպասավոր վարձե, և Միքայելը ազատ մնա տնային ծառայություններից, բայց միշտ նրա խնդիրքը մնացել էր անկատար, ստանալով աղայից մերժողական պատասխան։ «Ես մուֆթա հաց չունեմ, որ նրան ուտացնեմ. հոգին չի դուրս գա, թող տան բանն էլ անի, դուքանի բանն էլ»։

Բայց այդ «մուֆթա» հացը Միքայելի վրա շատ թանկ էր նստում։ Չնայելով իր վրա բարդված անտանելի աշխատություններին, այն օրից, որ նա մտել էր Մասիսյանի տունը, և որից անցել էր հինգ տարի, այսքան տարվա ընթացքում նա ոչ միայն կոպեկ փող չէր ստացել աղայից, այլ նրա համար մի նոր հագուստ ևս չէին կարել տվել։ Նա դեռևս հագնում էր տան հնոտիները, որ տիկին Մարիամը կարկատում և հարմարեցնում էր նրա համար։ Բայց նա խանութում ստացած «շագիրդանաներից»[1] հինգ տարվա ընթացքում ետ էր գցել մի փոքրիկ գումար, որ հասնում էր քսան ռուբլու, և այդ փողերով կարել էր տվել իր համար մի ձեռք հագուստ, որ դեռ մի անգամ ևս չէր հագել և այն հագուստով չէր երևացել աղայի աչքին, այլ ծածուկ պահում էր, որ զատկին իրանց գյուղը գնալու ժամանակ հագնե։

Մասիսյանը առհասարակ սիրում էր իր գործակատարներին վատ հագնված տեսնել․ նրա կարծիքով հագուստը մերկությունը ծածկելու համար էր և ոչ թե վայելչության համար։ Եվ մաշված հագուստով գործակատարը միշտ վայելում էր նրա առանձին հավատարմությունը. «փողի ղադրը իմացող է», նկատում էր նա։ Բացի դրանից, իր անձնական «եսի» տեսակետից կշռելով ամեն ուրիշ մարդու վարմունքը, նա խիստ անվայել էր համարում տեսնել մեկին, որ հետևում է նորաձևությունների, որ իր վրան-գլուխը զարդարում է, քանի որ ինքը, աղան, այնքան մեծ հարստության տերը, երբեք չէր փոխում իր հագուստի ձևերը, որպես չէր փոխում իր մարմնի կաշին։ Մասիսյանի ճաշակին այն աստիճան սովորել էին գործակատարները, որ ամեն կերպով աշխատում էին հարմարվել։ Նրանք ուրիշ քաղաքներում գեղեցիկ հագնվում էին, շռայլ ապրում էին, ոսկի ժամացույց էին կրում ոսկի շղթայով, կառքերով էին զբոսնում, բայց երբ պատահում էր վերադառնալ աղայի մոտ հաշվի կամ մի ուրիշ գործի համար, բոլորովին կերպարանափոխվում

  1. «Շագիրդանա» նշանակում է այն փոքրիկ ընծան, որ լինում է մի քանի կոպեկներով, որ ստանում են խանութպանների աշակերտները։