Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխվում էին և հայտնվում էին մաշված հագուստով, ողորմելի-խոնարհական դեմքով և հին քոշերով։ Մասիսյանը այն բնավորությունն ուներ, ինչ ուզում ես արա, միայն նրա աչքը չտեսնե։ Ամեն բան նրա մեջ հաջորդաբար և մինը մյուսին համապատասխանող օրենքներով էր գնում. նա որպես չէր փոխում իր հին տան շինվածքի ձևը, որպես չէր փոխում իր ընտանիքի կազմակերպության ձևը, որպես չէր փոխում իր խանութում ընդունված առևտրական եղանակի ձևը,— այնպես էլ չէր փոխում իր հագուստի ձևը։ Դա անշարժության կատարյալ հատկանիշն է։ Մի մարդ, մի ժողովուրդ և վերջապես մի ամբողջ ազգ, երբ շուտշուտ է փոխում իր հագուստի ձևերը, այնպես էլ շուտ փոխում է իր հասարակական կյանքի ձևերը։

Միքայելի նոր հագուստ ունենալը թեև մի գաղտնիք էր, բայց տան մեջ շատերը գիտեին, գիտեր տիկինը, գիտեին և նրա երկու աղջիկները՝ Գայանեն և Հռիփսիմեն։

Այդ երկու անմեղ արարածները այժմ բավական փոխվել էին: Գայանեն էլ չէր հազում, առողջ էր, միայն տարիների հետ որքան նրա արտաքին կերպարանքը այլանդակվում էր, այնքան նրա բնավորությունը, հոգեկան հատկությունները գեղեցիկ կերպարանք էին ստանում։ Հռիփսիմեն, ընդհակառակն, ձևակերպվել, սիրունացել և մի նազելի օրիորդի դեմք էր ստացել. բայց նա մնացել էր դարձյալ ծաղրող, դարձյալ արհամարհող և միևնույն հպարտը, որպես էր միշտ։ Հպարտությունը հատուկ է սիրուն աղջիկներին։ Բոլոր տանեցիք սիրում էին Միքայելին, բացի Հռիփսիմեից, նա դեռ պահպանել էր իր սառը հարաբերությունները դեպի գյուղացի «արջի քոթոթը», որի առաջին տարիների կյանքից պատմում էր շատ և շատ ծաղրական էպիզոդներ, երբ նա անկիրթ, անփորձ անտաշ հայտնվեցավ նրանց տանը։ Բայց Հռիփսիմեն այրվում և մինչև անգամ վիրավորվում էր, երբ Միքայելը նրա կատակներին պատասխանում էր իր արհամարհական լռությամբ:

Տան աղջկա սերը դեպի տան սպասավորը շատ անգամ սկսվում է կատակներից։ Ծաղրել, ատել և պախարակել, դրանք մի տեսակ ցույցեր են, երբ դժվար էր համարձակ ասել «ես սիրում եմ քեզ», կամ «դու ինձ դուր ես գալիս»։ Բայց Միքայելը այնքան հասած էր, որ չէր կարող չնկատել Հռիփսիմեի փոքրիկ խորամանկությունները, և երբ սառնությամբ էր վերաբերվում դեպի նրա կատակները, միշտ լսում էր այսպիսի խոսքեր. «Ի՞նչ ես էդքան փքվում... ուզում ե՞ս. գնամ տրեխներդ բերեմ... ես ջեր պահել եմ»...