Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ գնում, բերում, ցույց էր տալիս գյուղացու տրեխները, որ, հագած, առաջին անգամ Միքայելը նրանց տունը մտավ։ Այդ մի կծու հեգնություն էր Միքայելին հիշեցնելու համար նրա նախկին վի¬ճակը և խորտակելու նրա հպարտությունը։

Վարդավառի տոնն էր։ Փողոցներում երեխաները ջուր էին ածում միմյանց վրա, վազվզում էին, գոռում, գոչում էին. հարևան աղջիկները հավաքված դրացու տան պարտեզում երգում էին, «վիճակ էին գցում» և «ջան-գյուլում» էին երգում։ Ամեն տեղ ուրախ և զվարթ փայլում էր կյանքը, ամեն տեղ մարդիկ անհոգ զվարճությամբ կատարում էին տոնական հանդեսը։ Միայն Մասիսյանի տան մեջ ամեն ինչ նույնն էր, ոչինչ չէր փոխվել սովորականից։ ճաշից հետո երկու քույրերը՝ Գայանեն և Հոիփսիմեն, իրանց ամենօրյա հագուստներով ման էին գալիս պարտեզի մեջ. տիկին Մարիամը իր սենյակում խոսում էր մի կնոջ հետ, որի որդուն աղան բանտարկել էր տվել պարտքի համար, և նա եկել արտասվելով խնդրում էր, որ տիկինը բարեխոսե աղայի մոտ, նրա որդուն ազատեն բանտից. «Նա շատ ջահել է, անփորձ է, կմեռնի կսկծից, թե պարտքը նրա հոր պարտքն է, որ ոչինչ չէ թողել, և իրանք ուտելու հացի կարոտ են և այլն։ Խեղճ կինը առանց դադարելու խոսում էր, աղաչում էր և լաց էր լինում։ Տիկին Մարիամը ցավում էր, որ ոչնչով նրան օգնել կարող չէ, թե ինքը աղայի գործերում միջամտելու համարձակություն չունի, ավելի լավ կաներ, եթե նա ուղղակի դիմեր աղային։ Իսկ աղան տանը չէր։ Միքայելը օգուտ քաղելով տոն ավուր հանգստությունից, գնացել էր մի քանի ծանոթների հետ ման գալու, նա վերադարձավ բավական ուրախ տրամադրության մեջ և տեսնելով աղջիկներին պարտեզում, դիմեց նրանց մոտ։ Երկուսն էլ լճակի մոտն էին Գայանեն հացի փշրանք էր ձգում ձկներին, իսկ Հոիփսիմեն, մերկացնելով իր գեղեցիկ, կլորիկ թևքը, խաղում էր ջրի հետ, ափովը այս և այն կողմ ցրվելով։

— Էդ ի՞նչպես է, որ դուք չեք գնացել «ջան-գյույում» երգելու,— հարցրուց Միքայելը մոտենալով աղջիկներին.— խաչը վկա, լավ չեք արել. ա′խ, որքան աղջիկներ են հավաքված մեր հարևան Սարխոշենց պարտեզում, «վիճակ» են գցում, ես մի քանի տղերքի հետ գնացինք, մեզ ներս չթողեցին սատանաները...

— Հայրս չթողեց, որ մենք էլ գնայինք,— պատասխանեց Գայանեն տխուր կերպով։

Հոիփսիմեն նկատելով, որ Միքայելը և իր քույրը զբաղված