Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հռիփսիմեն դուրս եկավ փոքրիկ խուղից թշերը շառագունած. աչքերը վառվում էին խորին, անբացատրելի ուրախությամբ։

Մեծ քույրը տեսնելով նրան, մի անորոշ և մթին զգացմունք տիրեց նրա սրտին, այն զգացմունքը, որ վրդովեցնում է ավելի չափահաս և փորձված աղջկան, երբ նկատում է իրանից կրտսերի մեջ որևէ անվայել համարձակություն: Բայց Գայանեն Միքայելի մասին շատ լավ կարծիք ուներ, գիտեր նրա պարզամտությունր, գիտեր, որ նա փոքր հասակից իրենց տան մեջ սնվելով, մեծանալով, այն աստիճան ընտանացել էր, որ մի տեսակ քույր-եղբայրություն էր առաջ եկել նրա և Հռիփսիմեի մեջ։ Բայց նախանձի նման մի բան նրան խռովեցնում էր, թե ինչու Միքայելը ավելի ուրախ էր լինում, երբ Հռիփսիմեն նրա հետ խոսում էր, թե ինչու նա այնպես շուտ կատարեց Հռիփսիմեի հաճությունը և հագավ իր նոր շորերը, որոնք նա ուխտել էր հագնել այն ժամանակ միայն, երբ գնալու կլիներ իրանց գյուղը։

Որքան Հռիփսիմեն շատախոս և թեթևամիտ էր, այնքան Գայանեն ծածկամիտ և լուռումունջ էր։ Կարծես թե նա իր հասակից ավելի վաղ պառաված լիներ։ Գուցե մարմնի բնական արատավորությունը սովորեցրուց նրան կենտրոնանալ իր մեջ, ինքն իր հետ մտածել, երբ արտաքին աշխարհը նրա վրա շատ փոքր ուշադրություն էր դարձնում։ Այսպիսի աղջիկները մաղձոտ են լինում և միշտ ատելությամբ են նայում դեպի իրանց շրջապատը, բայց Գայանեն մի բացառություն էր կազմում։ Նա չափից դուրս բարի և ներողամիտ աղջիկ էր և մի առանձին գութ ուներ դեպի Միքայելը, որի վիճակի մեջ գտնում էր բավական նմանություն իր հետ։ Ամեն անգամ սեղանի վրա կամ մի ուրիշ ժամանակ, երբ նրան միրգ էին տալիս, իր բաժնի մի մասը պահում էր, «էդ էլ Միքայելի համար», ասում էր նա։ Մայրը, եղբայրը և Հռիփսիմեն նայում էին միմյանց երեսին և ծիծաղում էին։ Տանեցիք կատակի առարկա էին շինել Գայանեի բարեսրտությունը դեպի որբ և անբախտ տղան։

— Իր նշանածին չէ մոռանում,— ասում էր Հռիփսիմեն։

— Սիրահարված է,— ասում էր Ստեփանը։

— Ես Գայանեի փեսան պիտի խլեմ,— ավելացնում էր Հռիփսիմեն։

— Ա՜խ, ինչ կռիվ, ինչ ծամփետոց կլինի ձեր մեջ,— վրա էր բերում Ստեփանը։

Գայանեն լռությամբ լսում էր այդ բոլորը, երբ չափը անց էին կացնում, նրա աչքերը լցվում էին արտասուքով: