Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կույս պիտի դառնամ,— ասում էր նա,— ինձ փեսա պետք չէ, թող Հոիփսիմեն ուրախանա...

— Ինչու ես կույս դառնում,— մեջ էր մտնում Ստեփանը, լավն այն չէ՞, որ պսակվեք Միքայելի հետ, գնաք գյուղը, վար կվարեք, կով կպահեք։

— Դո՞ւ ել ես ծիծաղում, Ստեփան, երբ այդպես է, ես դրանից հետո էլ Միքայելի հետ չեմ խոսի,— ասում էր Գայանեն և արտասվալի աչքերով հեռանում նրանց մոտից։

Տիկին Մարիամը լսում էր որդու և աղջիկների կռիվը, ծիծաղում էր— Հանգստացիր, Գայանե, ինչո՞ւ ես բարկանում, Միքայելը մեր տան տղան է, օտար չէ։

Տան չորս պատերի մեջ փակված երկու քույրերը, որոնք ոչ մի օտար տղայի երես չէին տեսնում, շատ բնական է, որ իրանց խոսակցության և զգացմունքի առարկա շինեին տան սպասավորին։ Եվ Մասիսյանի ընտանիքի մեջ վերոգրյալ խոսակցության նման վիճաբանություններ շատ անգամ դիպել էին Միքայելի ականջին, և նա այնուհետև իրան հեռու էր պահում աղջիկների հասարակությունից. թեև կատակները բոլորովին անմեղ և միամիտ սրտերից էին բխում, բայց Միքայելի մոտ տակավին մնացել էր գյուղացու ամաչկոտությունը։

ԺԵ

Մի անգամ Մասիսյանը Մոսկվայի իր գործակատարից նամակ ստացավ, որի մեջ խնդրում էր ուղարկել իր մոտ մի օգնական, որովհետև տկարության պատճառով ինքը մենակ չէր կարողանում գործերը օրինավոր կերպով կատարել։ Այս նամակը մեծ դղրդոց գցեց Մասիսյանի խանութի գործակատարների մեջ, և նրանցից ամեն մեկը ցանկանում էր, որ իրան ուղարկեն։ Բայց և ոչ մեկի ընդունակությունը չէր համապատասխանում նամակի բովանդակությանը, որովհետև նրա մեջ գրված էր, որ օգնականը, բացի հայերենից, պետք է «անպատճառ» գիտենա ռուսերեն գրել, կարդալ և խոսել։ Մասիսյանի մոտ գտնված գործակատարների մեջ չկար այսպիսի մեկը, և նա մեծ մտատանջության մեջ էր, թե որտեղից կարող էր գտնել։

Մի երեկո այս մտածության մեջ աղան տուն դարձավ և իսկույն