Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործակատարի վրա, փախավ հոր տնից և գյուղումը նրա հետ պսակվեցավ։

— Էլ ինչո՞ւ եք ուրիշին պտռում,— խոսեց տիկինը,— Միքայելից լավը չկա ուղարկեցեք, թող գնա «մարդ» դառնա, մեր մեծացրած տղան է։

— Ռուսերեն գիրք ունե՞ս,— հարցրուց աղան։

— Ունեմ։

— Գնա բեր կարդա, տեսնեմ։

Միքայելը վազեց դեպի իր խուցը և ուրախությունից մոռացավ, որ գլուխը կռացնե նեղ դռնից ներս մտնելու համար և ճակատը սաստիկ զարկվեցավ դռան շրջանակի վերնափայտին: Բայց նա ուշադրություն չդարձրեց ցավի վրա և ներս մտավ։ Նա բաց արեց արկղը, այն գրքերով լիքը նվիրական արկղը, որ ընծայել էր նրան Ստեփանը և վեր առեց գրքերից մեկը։ Այն ժամանակ նա մտաբերեց բարեսիրտ պատանու խոսքերը՝ «կարդա՛, Միքարել, շա՛տ կարդա, մի օր հարկավոր կլինի քեզ կարդալը»։ Այժմ նրա խոսքը կատարվեցավ, մտածում էր Միքայելը, և բոլոր սրտով ցանկանում էր թռչել Մոսկվա, մի անգամ ևս տեսնել իր սիրելուն։

Միքայելը բերեց ռուսերեն դիրքը և երկչոտ աշակերտի նման կանգնեց աղայի մոտ։

— Դե՛, հիմա կարդա′, տեսնեմ։

Միքայելը սկսեց վարժ և կանոնավոր կերպով կարդալ, աղան ուշադրությամբ լսում էր, թեև մի բառ ևս չէր հասկանում։

— Դե՛, հիմա գրե՛:

— Ի՞նչ գրեմ։

— Գրե, որպես թե գրում ես Մոսկվայի գործակատարին...Այս անգամ ուղարկված 200 հակ բամբակների մի մասը խալիս (զուտ) Ամերիկայի սերմից է, մնացածները խառն են տեղային բամբակի հետ, վերջին հակերի վրա առանձին նշաններ են դրված, որ դու մուշտարուն ցույց տալու ժամանակ ճանաչես և կարողանաս Ամերիկայի բամբակի տեղ անցկացնել»։ Հիմա կարդա։ Միքայելը կարդաց։

— Գրեցի՞ր, «առանձին նշաններ են դրված»։

— Գրեցի, «առանձին նշաններ են դրված»...— կրկին կարդաց Միքայելը և իր կողմից նկատեց.— վա՜յ թե մուշտարին առանձին նշաններ» ունեցող հակերից մեկը բաց անել տա, հետո՞...

— Ձայնդ կտրի, լակոտ, Մոսկվայի գործակատարս քեզ նման