Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր խոսքը) զահլա է տանում,— պատասխանեց նա և եկավ նստեց նույն «իշոտիքի» վրա, աղայի մոտ։

Նա բավական հոգնած էր երևում և փոշոտած, կարտուզը գլխից առեց, թևքովը սրբեց ճակատի քրտինքը և ջիբից հանելով քթախոտի մեծ տուփը, մի բուռն «էնֆիա» վեր քաշեց դեպի իր ահագին քթի պնչածակերը, հետո ոգի և շունչ առնելով, զվարթացավ և բարերար տուփը «թավազա» անելով աղային, ասաց.

— Քաշիր, լավն է, աստված հասցրուց, էսօր գջլեցի մեկից, բանը շինեցի սուդումը...

Աղան ուշադրություն չդարձնելով նրա քաղաքավարության վրա, հարցրուց.

— Դու էն ասա՛, ի՞նչ արեցիր էն անզգամի հետ։

— Չե՞ս քաշում, լավն է ասում եմ։ Ստամբոլի բուռնոթի է, աստված հասցրուց, շատ ժամանակ էր, որ պտռում էի։

— Է՜հ, քեփդ եկել է։ Սիմոն Յագորիչ, ասա՛, ի՜նչ արեցիր էն «անզգամի» հետ,— ասաց աղան մի փոքր պինդ ձայնով։

— Օրհնած, էլ ո՞ւր ես բարկանում,— պատասխանեց փաստաբանը պատառոտած հին աղլուխով թափ տալով բուռնոթու փոշին իր ընչանցքի վրայից, որ դեղնել և բուռնոթու գույն էր ստացել։

— Դե՛, արի, էսպիսի մարդու հետ խոսիր,— ասաց աղան գլուխը շարժելով.— ես ինչ եմ ասում, նա ինչ է պատասխանում: Ասա, ի՞նչպես վերջացրիր այն կնոջ հետ։

— Էլ ի՞նչպես պետք է վերջացնեի, հերն անիծեցի, ինչ որ ուներ, չուներ, բոլորը ծախել տվեցի։ Աղայի դեմքը պայծառացավ մի անբացատրելի ուրախությամբ:

— Փողե՞րը,— հարցրուց նա։

— Փողերը բերել եմ։

Փաստաբանը հանեց ջիբիցը մի շորի կտորի մեջ փաթաթած թղթադրամները և առանց համբարելու դողդոջուն ձեռքով տվեց աղային։

— Ա՜յ տղա, Միքայել, մի ստաքան արաղ բեր Սիմոն Յագորիչին, այն մեծ ստաքանով, իմանում ե՞ս,— ասաց աղան և սկսեց համբարել փողերը։

— Օրհնած, մի քիչ շուտ ասեիր, դու չե՞ս իմանում, որ Սիմոն Յագորիչը առանց էդ զահրումարի ապրիլ չի կարող,— խոսեց