Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մեր պապերը,— պատասխանեց Սարհատը ծիծաղելով։— Հիմա գնացե՛ք։ Տեր ընդ ձեզ։

Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից։ Գիշերային լռության մեջ լսելի էին լինում ջերմ օրհնություններ այն բազմաթիվ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դեպի իրանց ազատիչները...։

______

Մի քանի օրից հետո ամբողջ Աղբակա գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թե Հարտոշիները բերելիս են եղել ահագին ավար և գերիների մեծ բազմություն Շատախի կողմերից, և թե Ռավանդները վրա են թափվել և Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թե՛ ավարը և թե՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, հայտնի չէ. Սարհատի և նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում...: Քրդերի մեջ միմյանցից ավար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց հիշյալ լուրը, և հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետև հային անընդունակ էին համարում այդ գործին։ Իսկ Սարհատի խումբը իրան ձևացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամություն ունեին:

Ը

Աղբակա ամբողջ գավառում ոչ մի հայ չէր մնացել. 24 գյուղեր բոլորովին ավերակ և դատարկ էին, բնակիչներին մասամբ կոտորել էին և մասամբ գերի էին տարել քրդերը, իսկ մնացածները փախել էին Պարսից սահմանակից Սալմաստ և Սոմայի գավառները, ապաստանելով տեղային հայերի մոտ։ Արշավանքը այն աստիճան անակնկալ և հանկարծակի էր եղել, որ փախստականներն հազիվ կարողացել էին ազատել իրանց թշվառ գլուխը, իսկ տուն, տեղ, կայք և անասուն, բոլորը թողել էին թշնամուն։

Ջալալեդդինի արշավանքը նման էր մի սարսափելի հեղեղի, որ միանգամով չէր վերջանում, որ գալիս է, հետո ընդհատվում է, և կրկին կատաղի հեղեղը սաստկանում է նոր և նոր հորձանքներով: