Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահագին քթի վրա և հանդիսավոր կերպով սկսեց կարդալ, կարծես թե կարդում էր մի ճառ. «Այս անգամ ուղարկված 200 հակ բամբակներից մի մասը»... և այլն։

— Գրա՞ծ է «առանձին նշաններ են դրված»,— հարցրեց աղան, երբ փաստաբանը վերջացրեց ընթերցանությունը։

— Ինչպես չէ, գրած է. «վերջին հակերի վրա առանձին նշաններ են դրված»... և «առանձին նշաններ» բառի տակը խազ էր քաշած,— պատասխանեց փաստաբանը։

— Հավանո՞ւմ ես։

— Ո՞վ է գրել։

— Մեր Միքայելը։

— Հոգիս վկա լինի, որ ինձանից լավ է գրել,— ասաց փաստաբանը ձեռքը սրտին դնելով.— ես 22 տարի պոլիցումը գրագրություն եմ արել, 12 տարի Թ... մովրովի մոտ եմ գրագրություն արել, բայց իմ գիրը դրա մոտ մի կոպեկ չի արժենա։

Փաստաբանի չափազանց գովասանությունը մասամբ հետևանք էր այն ահագին ստաբանով արաղի, որ քանի րոպե առաջ Միքայելը խմացրել էր նրան, և կամենում էր դրանով վարձատրել սպասավորի մատուցած ծառայությունը: Այսուամենայնիվ, Սիմոն Ցագորիչի վկայությունը, որպես գիտնականի խոսքը, բավական լավ ներգործություն ունեցավ հարցի հոգուտ Միքայելի վճռվելու վրա, և աղան խոստացավ, որ անպատճառ կուղարկե նրան Մոսկվա:

Երեք օրից հետո, վաղ առավոտյան Մասիսյանի դռանը սպասում էր մի ճանապարհորդական սայլակ. դուրս եկավ Միքայելը իր նոր շորերը հագած, նրա հետ դուրս եկան աղան և տիկին Մարիամը։ Միքայելը առաջ մոտեցավ տիկնոջը, համբուրեց նրա ձեռքը և ստացավ նրա մայրական օրհնությունը և հետո համբուրեց աղայի ձեռքը և ստացավ նրա հայրական «բարի խրատները», որպիսիները շատ անգամ լսել էր։ Հետո նա խիստ ուրախ և պայծառ դեմքով նստեց սայլակի վրա։ Սայլակը շարժվեցավ։ Անցնելով Մասիսյանի տան աջ թևքից, հանկարծ վերևից մի բան ընկավ նրա սայլակի մեջ. դա մի փունջ ծաղիկ էր. ետ նայեց պատանին, տեսավ Գայանեն և Հռիփսիմեն կտուրի վրա կանգնած, նրան գլխով էին անում: Նա շատ ուրախացավ, բայց մի բան մնաց նրա համար անորոշ, թե երկու աղջիկներից որը ձգեց փունջը, և այդ միտքը նրան տանջել սկսեց...