Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա

Անցել էր մոտավորապես մեկ տարի այն օրից, երբ Միքայելը ճանապարհ ընկավ դեպի Մոսկվա։ Կիրակի օր էր։ Մոսկվայի խուլ և ետ ընկած փողոցներից մեկում, հին տան մեջ, ուր վարձով տալիս էին կահավորված սենյակներ, մի պատանի, մաշված և գունաթափ դեմքով, գրասեղանի հանդեպ նստած, աշխատում էր։ Նա, երևի, դեռ լվացված չէր, թեև օրից բավական անցել էր, և դեռ չսանրված խիտ մազերը թափել էին նրա մերկ պարանոցի վրա։ նա խալաթի տեղ հագած ուներ իր ձմեռվա հին պալտոն և հողաթափերի տեղ կրում էր իր կալոշները։ Օրը մառախլապատ էր և սաստիկ ցուրտ, ձնային թեփուկները քամուց մաղվելով, զարկվում էին սենյակի սառած ապակիներին և տխուր, աններդաշնակ ձայներ էին հանում։ Սենյակը վառած չէր, բայց պատանին երևի ցուրտ չէր զգում և եռանդով գրում էր։ Երբեմն նա վառում էր իր փոքրիկ չիբուխը և կարծես նրա ծխովը աշխատում էր ջերմացնել իր սառած անդամները։ Գրասեղանի վրա, որ բավական ընդարձակ էր, անկարգ կերպով ածած էին զանազան թղթեր, տետրակներ, գրքեր, լրագրի համարներ, որոնց մեկի վրա դիզած էր մի բռան չափր ծխախոտ։ Բացի դրանից, նրանց հետ խառն կարելի էր տեսնել փոքրիկ սրվակներ զանազան մեծությամբ, որոնց մեջ ածած էին գույնզգույն փոշիներ և հեղուկներ, այլև մի քանի քիմիական և ֆիզիկական գործիքներ, ածուխի մեծ-մեծ կտորներ, որոնցով, երևի նա փորձեր էր անում, և մի մարդկային կառափ։